Արևելյան Եվրոպայի երկրների գծով մասնագիտացած տնտեսագետ, Անտլանտյան խորհրդի փորձագետ Անդերս Օսլունդը հայտարարել է, որ «կրեմլյան զեկույցը» փոխել են վերջին պահին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակված է խորհրդի կայքում։

Ինչպես գրում է Օսլունդը, «կրեմլյան զեկույցի» նախնական տարբերակում պետք է լինեին այն ձեռնարկատերերն ու օլիգարխները, ովքեր իրենց ունեցվածքը անօրինական ճանապարհով են կուտակել՝ Կրեմլի հետ կապերի շնորհիվ։ Սակայն վերջին պահին ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա, պարզ չէ, թե ով, մի կողմ է դրել փորձագետների աշխատանքը, և դրա փոխարեն գրել է նախագահի աշխատակազմի և ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և Forbes-ից 96 ռուս միլիարդատերերի անունները,– նշում է Օսլունդն ու շարունակում. «Անելով դա, բարձրաստիճան պաշտոնյան հիմար դրության մեջ է դրել կառավարական փորձագետներին, ովքեր պատրաստել էին զեկույցը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամռանն ընդունված նոր օրենքը դարձրել է ոչ էֆեկտիվ և ընդհանրապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ծաղրի է վերածել։ Եթե Կրեմլի հեռախոսահամարների գրքից արտագրված այս գրառումները որևէ հետևանք ունենան, դա կմիավորի ռուսական էլիտային Պուտինի ետևում, այն դեպքում, երբ օրենքի հեղինակները ուզում էին բաժանել այն և ազդեցիկ ռուսաստանցիներին հնարավորություն տային անվտանգ ապրելու Արևմուտքում։ Ֆորբեսի ցուցակի շատ բիզնեսմեններ այլ երկրների քաղաքացիներ են և ապրում են Ռուսաստանի սահմաններից դուրս։ ԱՄՆ իշխանությունները չունեն որևէ հիմք, որ այս մարդիկ որևէ օրինախախտում են թույլ տվել։ Նոր ցուցակից միակ շահողը Ռուսաստանի նախագահն է»։









































