«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կուլիսներում չեն դադարում խոսակցությունները, որ որոշ ուժեր ընդհատակյա աշխատանքներ են տանում և փորձում են ապրիլի 9-18-ն ընկած 8-օրյա ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դե ֆակտո որևէ պաշտոն չի ունենալու, պառլամենտում ուժերի բալանսը փոխել, նրան դեմ քվեարկողների «բանակ» ստեղծել, բողոքի ակցիաներ կազմակերպել, կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի սցենարը:
Հիշեցնենք` Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ կետը ապրիլի 9-ից «հետո»-ի համար նախանշում է. «Յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին»:
Ընդ որում՝ այդ օրերի ԺՊ վարչապետն ունի նոր Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, այդ թվում և` ուժային կառույցները վերահսկելու: Կարո՞ղ ենք հիպոթետիկ պատկերացնել միտինգներ, ցույցեր` ընդդեմ Սերժ Սարգսյանի, այդ թվում և` անկարգություններ, Բաղրամյան 26-ի գրոհ, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրահանգ չի տալիս ուժայիններին` ճնշել միտինգավորներին, կանխել բողոքի «թափ» հավաքող ալիքը՝ սադրեցինք մի բարձրաստիճան պաշտոնյայի:
«Կարող եք, բայց դա համարժեք կլինի «վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին» մոտիվին. ինքներդ ասացիք` Սահմանադրության մեջ գրված է` 7-օրյա ժամկետ, իսկ ինչո՞ւ չեք կարծում, որ ամսի 18-ին է ԱԺ նախագահն առաջադրելու վարչապետի թեկնածուին, գուցե հենց ամսի 10-ին կառաջադրի, ու նույն օրն էլ նա կընտրվի»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ապրիլի 9-ը երկուշաբթի է, 10-ը` երեքշաբթի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:







































