«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներ Լևոն Ստեփանյանը, Արմեն Ադամյանը և Սոնա Կարապետյանը Մաշտոցի պուրակում այսօր լրագրողներին պատմեցին իրենց ընտանիքներին ահաբեկելու՝ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փորձերի մասին:
Արմեն Ադամյանը նշեց, որ չնայած իր ընտանիքի անդամները՝ մասնավորապես հայրը դեմ են իր ակցիաներին մասնակցելուն, ինքը շարունակելու է պայքարել այնքան ժամանակ մինչև վերականգնվի «Ծածկած շուկայի» նախկին տեսքը:
Լևոն Ստեփանյանն իր հերթին՝ ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին` ճի՞շտ է, որ ակցիաներին մասնակցելու պատճառով չի կարողանում ընտանքի անդամներին ուշադրություն դարձնել, օգնել հիվանդ մորը, ասաց․ «Դա բացարձակ հերյուրանք է, իմ մայրը հիվանդ չէ, ինչպես ներկայացնում են: Սամվել Ալեքսանյանը զարմիկներիս միջոցով և օգտվելով պապիկիս միամտությունից` ուզում է հեռու պահել ինձ այս պայքարից, սակայն դա նրան չի հաջողվի»:
Սոնա Կարապետյանը ևս նշեց, որ իրեն ակցիաներից փորձում են հեռու պահել, զանգահարում են մորը և ասում, որ իր աղջկա «լավի համար են ասում», որ իրեն շահագործում են և այլ: Ի հավելումն այդ սպառնալիքների` Սոնա Կարապետյանն ասաց, որ շուտով իրենց ակցիաներին կմիանա նաև իր մայրը:
Ներկաների հավաստմամբ՝ Սամվել Ալեքսանյանը ընտանիքի անդամներին լարում է միմյանց դեմ, թշնամանք և պառակտում ստեղծում:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:








































