ԱՄՆ-ն անհանգստացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր ազդեցության նվազմամբ՝ գիտության, մշակույթի ոլորտներում գլոբալ խնդիրների լուծման որոշումներ կայացնելիս, որի պատճառը ԱՄՆ-ին ձայնի իրավունքից զրկելն է, քանի որ հրաժարվել է վճարումներ կատարել: Այս մասին ասվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի մշտական առաքելության երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ՝ նույն օրը ԱՄՆ-ը զրկվել էր ձայնի իրավունքից ՅՈՒՆԵՍԿՕ-ում, քանի որ 2011-ից ի վեր հրաժարվել է ֆինանսական օժանդակություն տրամադրել կազմակերպությանը` վերջինիս կողմից Պաղեստինը լիակատար անդամ ճանաչելու պատճառով: Երկրները, որոնք անդամավճար չեն մուծում 2 տարվա ընթացքում, ավտոմատ զրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից զրկվելը օրենսդրական սահմանափակումների հետևանք է, որոնք թույլ չեն տալիս Վաշինգտոնին մուծումներ կատարել (Իսրայելի առաջ ունեցած պարտավորությունների պատճառով) միջազգային այն կազմակերպություններին, որոնք Պաղեստինը կճանաչեն լիիրավ անդամ:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ-ի ձայնի կորուստը նվազեցնում է մեր ազդեցությունը այդ կազմակերպությունում, որը ձգտում է ամբողջ աշխարհում հասնել գերիշխանության այն հարցերում, որոնք կարևորություն են ներկայացնում մեր երկրի համար, այդ թվում՝ կանանց ու աղջիկների իրավունքներ, մամուլի ազատություն, մշակութային արժեքների ճանաչում ու պաշտպանություն»,- ասվում է հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի գերիշխող դիրքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեծ նշանակություն ունի»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների առաքելությունը խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի մնալ կազմակերպության մեջ, կմասնակցի քննարկումներին ու կպահպանի իր տեղը գործադիր խորհրդում մինչև 2015թ.:







































