Ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը չի ենթադրում պարտավորություններ երրորդ երկրների համար: Այդ մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մոսկվան այս համաձայնագրի կյանքի կոչմանը գնում է Երևանի խնդրանքով ու դա ոչ այնքան ՌԴ-ի համար է արվում, որքան Հայաստանի՝ Կարասինն ասել է. «Հայաստանն իսկապես նման խնդրանքով դիմել է: Բայց տվյալ պարագայում, խոսքը Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն պարտավորություններ չի ենթադրում երրորդ պետությունների համար, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի համար»,- հայտարարել է Կարասինը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը կաշխատի արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրի 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը: Դրանից հետո միայն այն կգործի:
Կարասինն ընդգծել է, որ ռուսական կողմը մեծ հույսեր է կապում այդ համաձայնագրի հետ ու ակնկալում է, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի համար:








































