Աֆղանստանում առաքելության մոտալուտ ավարտի նկատառումներով՝ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնել Եվրոպայում համատեղ զորավարժությունների ծավալը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշինքի գերագույն հրամանատարության հայտարարությանը:
ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, ԱՄՆ բանակի գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ Հոջեսի հայտարարությամբ՝ 2015 թվականին Իսպանիայում և Պորտուգալիայում անցկացվելիք զորավարժություններին կմասնակցի ավելի քան 40 հազար զինծառայող: Դա զգալիորեն գերազանցում է զորակազմի այն թվաքանակը, որը մասնակցում է այս շաբաթ Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում անցկացվող զորավարժություններին. դրանց մասնակցում է 6000 զինծառայող:
Գերագույն հրամանատարությունը կարծում է, որ հաշվի առնելով Աֆղանստանից զորքերի դուրսբերումը՝ ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական խնդիրը պետք է դառնա դաշինքի մասնակից երկրների պաշտպանությունը:
Նոյեմբերի 2-9-ը Լեհաստանի և Բալթյան երկրների տարածքում անցկացվող Steadfast Jazz զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 20 երկրների հատուկ նշանակության ջոկատներ, ցամաքային, օդային և ծովային ուժեր: Նրանց հիմնական նպատակն է դաշինքի զորքերի համատեղ գործողությունների մշակումը՝ անդամ երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում:










































