Գերմանական «Շալկե-04»-ի ակադեմիան հերթական փայլուն ֆուտբոլիստն է տվել ֆուտբոլին` ի դեմ 18-ամյա Մաքս Մայերի:
Գելզենկիրխենյան ակումբի գործերն ընթացիկ մրցաշրջանում առայժմ չեն ընթանում այնպես, ինչպես կցանկանային երկրպագուները: Ինչպես երևում է, թիմի գլխավոր նպատակն այս անգամ ևս կլինի Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելը:
Այն բանից հետո, ինչ վնասվածքներ են ստացել Կլաս-Յան Հունտելարը և Ջեֆերսոն Ֆարֆանը, թիմն այդքան էլ հաջող հանդես չի գալիս, ինչի մասին է վկայում գլխավոր մրցակցից` Դորտմունդի «Բորուսիա»-ից վերջերս կրած պարտությունը:
Սակայն «Շալկե»-ի երկրպագուներն ունեն նաև ուրախանալու առիթ, քանի որ ակումբի ակադեմիայից գլխավոր թիմում է հայտնվել ևս մեկ տաղանդ` Մաքս Մայերը: Հիշեցնենք, որ հենց այս ակումբի մարզադպրոցի սաներն են համարվում Մանուել Նոյերն ու Մեսութ Օզիլը:
18-ամյա օբերհաուզենցի խաղացողը ֆուտբոլային Գերմանիայի ուշադրությունը գրավել է դեռ մինչև «Շալկե»-ի գլխավոր թիմում հայտնվելը, երբ փայլում էր երիտասարդական մակարդակում: Նա Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում 2012 թվականին դարձավ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ ու ռմբարկու:
Մայերը գելզենկիրխենյան թիմի կազմում Բունդեսլիգայում իր նորամուտը նշեց այս տարվա փետրվարի 16-ին` խաղադաշտում 10 րոպե անցկացնելով «Մայնց»-ի հետ մրցավեճում:
Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն լիովին ամրապնդվել է ակումբի գլխավոր թիմի կազմում: Ֆուտբոլիստն իր արդյունավետ շրջանը սկսեց սեպտեմբերին` Գերմանիայի գավաթի խաղարկությունում գրավելով «Դարմշտադտ»-ի դարպասը, ապա Բունդեսլիգայի առաջնությունում աչքի ընկավ «Աուգսբուրգ»-ի, «Բրաունշվեյգ»-ի ու նույնիսկ վաղեմի թշնամի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ մրցավեճում, ընդ որում` վերջինիս հետ խաղում դա արեց փոխարինման դուրս գալուց ընդամենը 2 րոպե անց:
Մայերին շատ հաճախ են համեմատում «Շալկե»-ի առաջատարներից մեկի` Յուլիան Դրաքսլերի հետ` կապված նրա հետ, որ երկուսն էլ հանդես են գալիս հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում, սակայն իր դրիբլինգով, տեխնիկայով ու խաղադաշտում արագ կողմնորոշվելու կարողությամբ ավելի շատ հիշեցնում է Լիոնել Մեսսիին:
Երիտասարդ խաղացողի ծառայություններով այժմ լրջորեն հետաքրքրվում են «Ֆիորենտինա»-ն ու «Չելսի»-ն, սակայն գերմանական ակումբը մտադիր է նրան նոր պայմանագիր առաջարկել, որը կգործի մինչև 2018 թվականը: Այս առիթով ակումբի մարզական տնօրեն Հորս Հելդտը նշել է. «Մենք ցանկանում ենք ընդլայնել նրա հետ համագործակցությունը: Մաքսը շատ լավ տպավորություն է թողնում: Նրա պայմանագիրը կհամապատասխանի թիմին օգուտ տալու իր ցուցանիշին»:
Հնարավոր է, նրա համար լավագույն որոշումը կլինի հարազատ ակումբում մնալը: «Շալկե»-ն կունենա իր խնդիրները, սակայն Յենս Կելլերի գլխավորած երիտասարդ թիմում Մայերն առաջիկա տարիներին կկարողանա առավելագույնս բացահայտել իր պոտենցիալը: Այժմ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, իսկ թե որքան հեռուն կգնա ֆուտբոլում այս խաղացողը, ցույց կտա միայն ժամանակը:









































