Լիբիայում ցույցի դուրս եկած բերբերներն արգելափակել են գազի մատակարարումներն այդ երկրից Իտալիա՝ պահանջելով ընդլայնել իրենց իրավունքները: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով լիբիական ԶԼՄ-ներին, Լիբիայի բնակչության 10 տոկոսը կազմող բերբերների ներկայացուցիչները գրոհել են մայրաքաղաք Տրիպոլիից 100 կմ արևմուտք ընկած «Մելիտա» տերմինալը: Այնտեղից գազը Mellitah Oil and Gas ընկերության (պատկանում է իտալական ENI ընկերությանն ու Լիբիայի ազգային նավթային ընկերությանը) «Կանաչ հոսք» խողովակաշարով Միջերկրականի ընդերքով մատակարարվում է Իտալիա:
Տերմինալը գտնվում է բերբերներով բնակեցված Զուվարա քաղաքի մոտ: Խողովակաշարով ամեն օր մղվում է 17 մլն խորանարդ մետր գազ:
Ցուցարարների խմբի ներկայացուցիչ Յունես Նանիսը նշել է, որ բերբերները մտադիր են ակտիվացնել բողոքի ակցիաները, քանի որ լիբիական խորհրդարանը հետաձգել է քննարկումն առաջարկված սահմանադրական ուղղման հարցով, որը նախատեսում է բերբերների մշակութային իրավունքների ու լեզվի պաշտպանություն:











































