Google ընկերությունը բացատրել է, թե ինչի համար են նախատեսված երկու բեռնատար նավերը, որոնք կայանած են ԱՄՆ-ի ափերի մոտ: Դրանցում կտեղակայվեն ինքնատիպ ուսումնական կորպուսներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է համացանցային հսկայի ներկայացուցիչը, Google-ը ծրագրում է նավերը կիրառել որպես «ինտերակտիվ հարթակ», որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին: Նախագիծը դեռ վաղ փուլում է:
Ավելի վաղ փորձագետները տարբեր ենթադրություններով էին հանդես գալիս մեծ չորսհարկանի վերաշինվածքներով երկու նավերի նշանակության մասին:
Կարծիք կար, որ դրանք վերածվելու են թվային տվյալների մշակման և պահման լողացող կենտրոնների, որոնց աշխատանքի համար էներգիան կստացվի ալիքների գեներատորներից: Իսկ ոմանք էլ կարծում էին, որ դրանք դառնալու են Google Glass-ի գովազդի ցուցասրահներ:








































