ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, ըստ yerkir.am-ի, Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի հետ կապված հայտարարել է, որ դեռևս նման այցի մասին խոսք չկա: Ինչպես հայտնի է, հայկական մամուլի միջոցներում տեղեկություններ են հրապարակվել, որ դեկտեմբերին Հայաստան կարող է այցելել Պուտինը: ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեռ այդ մասին խոսակցություն չկա, դեռ վաղ է, և մինչև դեկտեմբեր կա նոյեմբերը:
Նոյեմբերը, բնականաբար, ասոցացվում է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նրբորեն ակնարկում այս մասին՝ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում դեռ վտանգ են զգում, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի բան ստորագրել: Վերջիվերջո, Հայաստանը գցել է Եվրոպային, հետևաբար, գոնե տեսականորեն, կարող է նույնն անել նաև Ռուսաստանի հետ:
Չի բացառվում, սակայն, որ Վիլնյուսում Ռուսաստանը անակնկալներ է սպասում Եվրոպայից, որոնք ազդեցություն կթողնեն նաև հայ-ռուսական հարաբերությունների կամ, ավելի շուտ, Մաքսային միության հարցում Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ կա մեկ այլ հետաքրքրական նրբերանգ, որը պետք չէ ուշադրությունից բաց թողնել:
Բոլորը կենտրոնանում են Վիլնյուսի վրա՝ նոյեմբերի տակ հասկանալով հենց Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, սակայն, ըստ էության, նոյեմբերին սպասվում է մեկ այլ կարևոր իրադարձություն՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպում Մոսկվայում: Իսկ ռուս-թուրքական համագործակցությունը ներկայում կովկասյան տարածաշրջանի շուրջ իրադարձությունների զարգացման առանցքներից մեկն է: Եվ այս տեսանկյունից Պուտինի՝ հայաստանյան այցը շատ բանով կարող է կախված լինել ոչ միայն Վիլնյուսից, այլ նաև հենց ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից ու օրակարգից:
Ի վերջո՝ պատմական իրողություն է այն, որ ռուս-թուրքական հանդիպումները սովորաբար ավարտվել են Հայաստանի հաշվին կնքված համաձայնություններով, կամ էլ Հայաստանը եղել է Ռուսաստանի խաղաքարտերից մեկը՝ ընդդեմ Թուրքիայի, իհարկե՝ այս մասով նաև արևմտյան երկրների խաղաքարտը ընդդեմ Թուրքիայի:
Տվյալ դեպքում Էրդողանի հետ մոսկովյան հադիպումից հետո Պուտինն արդեն Հայաստան կատարելիք այցը կդիտարկի կամ որպես Թուրքիայի հետ ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունները Հայաստանում անցկացնելու, կամ Հայաստանով անցկացնելու խնդիր, կամ էլ Թուրքիայի հետ համաձայնության չգալու դեպքում կփորձի երևանյան այցը վերածել հակաթուրքական ինչ-որ ժեստի: Իսկ գուցեև ընդհանրապես վերանա Հայաստան կատարելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ էության, Հայաստանի հետ կապված հարցերի շրջանակ, որին Պուտինը հարկ կհամարի այս պահին նվիրել իր ժամանակը, կարծես չկա:
Այնպես որ՝ շատ հավանական է, որ ինչքան նոյեմբերի մասին ակնարկը վերաբերում է Վիլնյուսին, նույնքան էլ վերաբերում է Մոսկվայում սպասվելիք ռուս-թուրքական հանդիպմանը, առավել ևս, որ Թուրքիայի թեման արդեն նաև բավական աղմուկով խցկվել է Մաքսային միություն, և արդեն իսկ Հայաստանի հարցն այս կոնտեքստում ստորադասվել է Թուրքիայի անդամակցությանը:
Սա, իհարկե, արվել է ոչ պաշտոնական մակարդակով, սակայն մի մակարդակով, որտեղ տեքստերը խմբագրվում են միգուցե ավելի հանգամանալից ու մանրամասն, քան նույնիսկ Պուտինի ելույթները:











































