ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիաներ տրամադրել, որոնք կօգնեն ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
«Մենք քիմիական զենքի խոշորագույն պաշարներից մեկի ոչնչացման ճանապարհին ենք: Մենք տեխնոլոգիաներ ենք մշակել, որոնք կօգնեն ոչնչացնել այդ զենքը»,- ասել է Հեյգելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի միջազգային ու ռազմավարական կենտրոնում:
Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին շրջանում առանց ռազմական գործողություններ սկսելու քիմիական զենքի ոչնչացման «հնարավորությունների պատուհան» է բացվել:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են միասին աշխատել քիմիական զենքի ոչնչացման նախաձեռնության շրջանակներում:
Հեյգելը նաև նշել է, որ ԱՄՆ-ը կպահպանի իր ներկայությունը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում, որպեսզի հակազդի «Իրանի ապակայունացման գործողություններին»: Նա հավելել է, որ այս հարցում զինվորականները պատրաստ են ճանապարհը զիջել քաղաքական գործիչներին, եթե բանակցությունները հաջողություն ունենան:









































