Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 21-ամյա Սամվել Սիրադեղյանը Կոմիտասի պողոտայի 54/8 հասցեում՝ «Կոմիտաս» հանրախանութի դիմաց, իր վարած BMW մակնիշի 35 MF 705 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նախ ծառին, այնուհետև էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սիրադեղյանն ու նրա ուղևորներ, Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ 26-ամյա Արմեն Մկրտչյանն ու Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Անի Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վ. Սարգսյանի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջողոց տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Վիիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:









































