Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն 404 հազար դոլարով գնել է արձան, որը պատկերում է իրեն՝ բռնցքամարտիկ Ռոկկի Բալբոայի կերպարով, ում շնորհիվ նա 1976 թվականին հռչակ է ձեռք բերել ողջ աշխարհում։
Արձանը ստեղծվել էր Ռոկկիի մասին երրորդ ֆիլմի համար, որն էկրան է բարձրացել 1982 թվականին։ Ըստ սյուժեի՝ Ստալոնեի հերոսի պատվին Ֆիլադելֆիա քաղաքում կանգնեցվում է մարզիկի հուշարձանը՝ Գեղարվեստի թանգարան տանող աստիճանների վրա։

Ընդհանուր առմամբ քանդակագործ Թոմաս Շոմբերգը «Ռոկկի-3» ֆիլմի համար պատրաստել էր երկու միանման արձաններ։
Նոյեմբերին SCP Auctions աճուրդի տունը հայտնել էր, որ անհայտ գնորդը գնել է երկրորդ արձանը, որը գտնվել է Սան-Դիեգոյի մարզական թանգարանում։ Այն վերջերս փակվել է և վաճառքի դրել ցուցանմուշները։ Արձանի նոր տիրոջ անունը գաղտնի է մնացել այնքան ժամանակ, քանի դեռ 71-ամյա Ստալոնեն գաղտնազերծում չի արել՝ Instagram-ում հրապարակելով լուսանկար։
Արձանի բարձրությունը 2.7 մետր է, քաշը՝ 816 կգ։










































