«Ես նույնպես տեղյակ եմ, որ գործարար Կամո Ավագումյանը գնել է «Արտֆուդ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, և շատ լավ ճանաչելով Ավագումյանին՝ վստահ եմ, որ «Արտֆուդի» արտադրական հզորությունները էլ ավելի կմեծանան, նոր ու մեծ չափով ներդրումներ կիրականացվեն, և նաև «Արտֆուդի» ամբողջ արտադրանքը կմտնի իրական մեծ շուկա՝ ռուսական շուկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի գործարար, Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
Նշենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հայ մեծահարուստ Կամո Ավագումյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության 75 տոկոսը, այսինքն՝ ընկերությունն այլևս պատկանում է ռուսաստանցի հայ մեծահարուստի սեփականությունը հանդիսացող «Էմ ԲԻ Կապիտալ» ընկերությանը:
Անդրանիկ Նիկողոսյանի խոսքով՝ Կամո Ավագումյանը մեծ հնարավորություններ ունի, գյուղատնտեսական ոլորտում մեծ փորձ: «Որևէ վատ բան չեմ տեսնում այս գործարքում: Պետք չէ դա դիտարկել որպես կապիտալի արտահոսք, Ռուսաստանի կողմից հայկական ընկերությունները սեփականացնելու փորձ: Կրկնում եմ՝ որևէ վատ բան չկա տեղի ունեցած գործարքում»,- ասաց Նիկողոսյանը:
Մեր դիտարկմանը, թե նախկինում գործարանը պատկանում էր Հովիկ Աբրահամյանին, և չկա՞ր հնարավորություն «Արտֆուդ»-ի արտադրանքը հանել ռուսական շուկա, Նիկողոսյանը արձագանքեց. «Ես տեղյակ էլ չեմ եղել՝ այդ գործարանը ում է պատկանել և բավականին երկար ժամանակ Հովիկ Աբրահամյանի հետ չեմ շփվել: Մենք իր հետ առհասարակ գործարքներ չենք ունեցել, այլ մանրամասների չեմ տիրապետում»:
Մեր դիտարկմանը, թե մամուլը տևական ժամանակ գրում էր, որ հենց ինքն է օգնում, աջակցում Հովիկ Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնությունում իրացնելու վերջինիս պատկանող հսկայական ձկնաբուծարանների արտադրանքը, Նիկողոսյանը պատասխանեց. «Մամուլում ամեն ինչ էլ գրվում է: Մամուլում կարող են շատ տեղեկություններ խեղաթյուրված լինել, ճիշտը չներկայացվել: Ձեր մատնանշած լուրերն էլ հենց այդ դաշտից են»,- ասաց մեր զրուցակիցը:
Երբ հիշեցրինք, որ մեր նախկին զրույցներում ինքը չէր հերքել, որ ինքն է աջակցում, որպեսզի Հայաստանի ձկնաբուծարանների արտադրանքը իրացվի Ռուսաստանում, Նիկողոսյանը պատասխանեց. «Այո, աջակցել եմ, բայց ձեր նշածը այդ ժամանակահատվածում կապվում էր Հովիկ Աբրահամյանի հետ, որովհետև նա ՀՀ վարչապետն էր: Կային խնդիրներ այդ ոլորտի հետ կապված, բայց դա միայն Հովիկ Աբրահամյանի անձով կամ Հայաստանում առկա վիճակով չէր պայմանավորված: Խնդիրները կախված էին տարածաշրջանային զարգացումներից՝ կապված արտահանումների, արտադրատեսակների լիցենզավորման և որակավորման, Հայաստանում նոր լաբորատորիաներ բացելու հետ: Այդ խնդիրները այսօր էլ առկա են, և նախատեսվում է 2018-ին իրականացնել որոշակի ծրագրեր: Խնդիրներ այսօր էլ առկա են, որոնք բնավ կապված չեն Հովիկ Աբրահամյանի կառավարության կամ Կարեն Կարապետյանի կառավարության հետ: Անկախ նրանից, թե 2018-ին ով կլինի վարչապետը՝ ծրագրերը կմշակվեն և կգնան իրականացման»,- ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի այս ոլորտում առհասարակ Հայաստանում ցանկություն ունեցողները ներդրում իրականացնեն:
«Հասկանալի է, որ մենք հիմա անցումային և հետանցումային ժամանակահատվածում ենք ապրում, փոփոխություններ են կատարվում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական դաշտում, բայց պետք է հետևողական լինենք ներկայացված ծրագրերի իրականացման մասով»,- եզրափակեց Նիկողոսյանը։









































