Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել է իր նախարարներից «հանգստի վայր ընտրել՝ համապատասխան նախարարական գործառույթների», և սուրբծննդյան արձակուրդներին դուրս չգալ երկրի սահմաններից։
Պետության ղեկավարի պահանջներով շրջաբերականն ուղարկվել էր նախարարներին նոյեմբերի 30-ին, հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն։
Նրա խոսքով՝ Մակրոնը նաև պահանջել է նախարարներից հեռու չգնալ Փարիզից և մշտապես կապի մեջ լինել արձակուրդների ժամանակ, հայտնում է Le Parisien-ը։
Ֆրանսիայի նախագահը ծրագրում է դիմավորել Սուրբ Ծնունդը երկրի հյուսիսային Տուկե կոմունայում։ Թերթը նշում է, որ չնայած պաշտոնական գրաֆիկի բացակայությանը, Մակրոնը հավանաբար կշարունակի աշխատել արձակուրդների ժամանակ։









































