«Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Անկախ նրանից` երիտասարդները դասադուլ են անում, թե բողոքում են, մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկած երիտասարդները ծառայեն՝ գիտությանը մոտ լինելով: Կներեք, բայց ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որոնք շանտաժի միջոցով ուզում են ինչ-որ բանի հասնել. դա արդար չէ, ճիշտ չէ», – ընդգծեց Զաքարյանը:
Փոխնախարարը նկատեց, որ ուսանողների հետ վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել, ու եղել է հստակ պայմանավորվածություն, որ վերջիններս ներկայացնեն առաջարկություններ՝ սահմանելու համար, թե ում վրա է անդրադառնալու տարկետման իրավունքը: «Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ ու խնդրել եմ, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկներ, որոնց համաձայն՝ կառավարության որոշմամբ հնարավոր կլինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումեր և ընդգծված կարողություններ ունեցած անձանց տարկետման կարողություններ տալը: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, չեն պատրաստվում օգտագործել», – նշեց նա:









































