Բնակչության թվի ամենամյա աճը, որ ցուցադրում են Օմանը և Կատարը, մինչև 2015թ. հեռանկարում թույլ կտա վերջիններիս պահպանել առաջատարի դիրքերն այս ցուցանիշում ոչ միայն Պարսից ծոցի երկրների շրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման կանխատեսում է արվում բնակչության շրջանում ՄԱԿ հիմնադրամի (UNFPA) զեկույցում:
Փորձագետների հաշվարկներով՝ առաջիկա երկու տարիներին Օմանի և Կատարի բնակչությունը միջինը կավելանա համապատասխանաբար 7.9 և 5.9%-ով: Ակնկալվում է, որ Արաբական թերակղզու բոլոր երկրներում կդիտարկվի բնակչության կայուն ուժեղ աճ. Քուվեյթ՝ 3.6%, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 2.5%, Եմեն՝ 2.3%, Սաուդյան Արաբիա՝ 1%:
Ի տարբերություն Պարսից ծոցի երկրների՝ Արևելյան Եվրոպայի պետությունները կշարունակեն զգալ «ժողովրդագրական ձմռան» հետևանքները: Ակնկալվում է, որ բնակչության նվազման ամենաբարձր ցուցանիշ կգրանցվի Մոլդովայում և Բուլղարիայում (0.8%), Ուկրաինայում՝ (0.6%), Սերբիայում, Բելառուսում և Լիտվայում (0.5%):
Ավանդաբար բնակչության թվով ռեկորդակիր երկրներն են Չինաստանն ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 1.385 և 1.252 միլիարդ մարդ:
Կյանքի ամենաբարձր միջին տևողությունն ակնկալվում է Ճապոնիայում, որտեղ տղամարդկանց կյանքի միջին տևողությունն 80 տարեկանն է, կանանցը՝ 87, ինչպես նաև Ավստրալիայում և Շվեյցարիայում՝ 80 տարեկան՝ տղամարդկանց մոտ, 85 տարեկան՝ կանանց մոտ: Իսկ կյանքի ամենաքիչ տևողություն ունեցող պետությունն է Սյերա Լեոնեն՝ 45 տարեկան՝ տղամարդկանց մոտ, 46 տարեկան՝ կանանց մոտ: