«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Հայաստանի սկսած ազատագրումը նման չէ վրացական և ուկրաինական օրինակներին:
«Սերժ Սարգսյանը կարևորում էր Արցախի տարածքների պահպանումը, և ինչպես շախմատում որակ են զոհաբերում, մենք էլ այստեղ զոհաբերեցինք ժամանակը։ Երկու տասնամյակ սերունդ կորավ խորհրդային դեգերումների, դեգրադացիայի արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծում է՝ փոխվել են խաղի կանոնները. «Ռուսական բանակը, ԿԳԲ-ն, ՖՍԲ-ն դեռ մեր սահմանների վրա են, բայց ուշ թե շուտ դրանք գնալու են, ավելի շուտ, քան շատերին թվում է։ Ուժի փոխարեն կարևոր է դառնում օրենքը, Եվրոպական դատարանը, որին դիմում են բոլոր նրանք, ովքեր նեղն են ընկնում։ Հիմա շատ կարևոր փուլ է սկսվում՝ ինչ-որ բաներ կախված են նաև մեզանից»,- նշեց Խզմալյանը։
Նա հավելում է՝ այս դրվագում Սերժ Սարգսյանը դրսևորեց խիզախություն և ստորագրեց համաձայնագիրը, բայց հաջորդ դրվագը լինելու է այն, որ Սարգսյանը փորձելու է ղեկավարել երկիրը նաև 2018-ի ապրիլից հետո. «Մեծ բարդություններ կառաջացնի այդ փաստը։ Պետք են բոլորովին նոր մարդիկ։ Նոյեմբերի 24-ին եղավ 88-ի սերունդի ավարտը։ Մի քանի օրից լրանում է Սովետական Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթման տարելիցը։ Մենք դա դիմավորելու ենք ուղիղ մեջքով և գլուխներս բարձր։ Եկել է վերջին բոլշևիկների վերջը»։









































