«Ինձ համար որպես պատգամավորի և ՀՀ քաղաքացու տարբերություն չկա՝ հանքարդյունաբերության վնասներից տուժում են Արդվի գյուղի բնակիչները, թե՞ մղարթեցիները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որն Արդվիի համայնքի հանքի շահագործման աղմուկի առաջին օրվանից զբաղվում է այս խնդրով և արդվեցիների կողքին է։
Նշենք, որ բնապահպանության նախարարությունը դարձյալ հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից, այս անգամ արդեն Արդվիի հարակից Մղարթ համայնքի 54 հեկտար հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Նախորդ հայտը, որը հանրային ճնշման ազդեցության տակ չբավարարվեց, վերաբերում էր Արդվիում, Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելուն։ «Իրականում իրենք այստեղ խորամանկություն են անում, նշելով, որ այս նոր հողերը գտնվում են Մղարթում։ Այո, այդ հողերը պատկանում են Մղարթ գյուղին, բայց իր գտնվելու վայրով այն կիլոմետրով ավելի մոտ է Արդվիին։ Արդվիից 2 կմ հեռավորության վրա են այդ հողերը, իսկ Մղաթից՝ 3 կմ։ Ըստ էության, այն վնասը, ինչի դեմ պայքարում էին Արդվի գյուղի բնակիչները, շարունակում է արդիական լինել, մնալ։ Պարզապես իրենք, հասկանալով, որ Արդվի գյուղի բնակիչները շարունակելու են դեմ լինել, ոչ մի պարագայում նրանք թույլ չեն տա դա, հաջողացրել են Մղարթի բնակիչների հետ որոշակի համաձայնության գալ, որովհետև նրանք այդքան պատրաստված և տեղեկացված չեն, թե ինչ է կատարվելու, ինչ հետևանքներ է ունենալու հանքի բացումը։ Սա է խնդիրը, որ նրանք այստեղ խորամանկության են դիմել»,- նշեց Թանդիլյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ Մղարթի բնակիչներն էլ շատ արագ կհասկանան, թե ինչ է կատարվում, և Արդվի գյուղի բնակիչների հետ միասին կպայքարեն և թույլ չեն տա համայնքներում այն, ինչ տեղի ունեցավ և ունենում է Թեղուտում։
Նշենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արդվի համայնքը միացվեց Օձուն համայքին, և արդեն նոր ավագանի է ձևավորվել։ Եվ, որքանով ուշագրավ է, համայնքների խոշորացումից մի քանի օր անց նոր հայտ է ներկայացվել։ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ չի բացառվում, որ ընտրությունների ժամանակ ավագանու նոր անդամների հետ որոշակի համաձայնություն, պայմանավորվածություն է եղել, որ հայտի բավարարման, հանրային լսումների ժամանակ առանձնապես խոչընդոտ չի լինի։ «Բայց ես հիշում եմ, գիտեմ, որ Օձունի նոր համայնքապետը արդվեցիներին, նաև մամուլով հայտարարել է, որ եթե արդվեցիները դեմ լինեն հանքավայրի շահագործմանը, ապա ինքը ոչ մի պարագայում հակառակը չի համոզի ու կկանգնի գյուղացիների կողքին։ Հույս ունեմ, որ գյուղապետը այդպես էլ կվարվի և կներկայացնի գյուղացիների, այլ ոչ թե որոշ անձանց նեղ անձնական շահերը»,- նշեց Թանդիլյանը։
Մղարթի համայնքապետ Արմինե Մամաջանյանի հետ խոսել մեզ չհաջողվեց։ Ամբողջ օրը հեռախոսն անհասանելի էր։ Գյուղացիները, սակայն, աստիճանաբար տեղեկացվում են խնդրին, և չի բացառվում, որ արդվեցիների օրինակով թեժ պայքար կսկսվի հանքավայրի շահագործման հետ կապված։ «Ճիշտ է, լավ է, որ աշխատատեղ կբացվի, մարդիկ գործ կունենան, բայց ասում են՝ վտանգները շատ մեծ են, լուրջ են։ Պետք չի, որ մեր սխալների համար մեր երեխաները պատասխան տան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։
Նշենք, որ «Միռամ» ընկերությունը, ըստ մամուլի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ու նրա մերձավոր շրջապատին։
Նոյեմբերի 29-ին Օձունի համայնքապետարանում պիտի կայանային հանրային քննարկումներ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017–2020 թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ:









































