Ցավոք, Հայաստանում շատ-շատ քաղաքական ուժեր կաշկանդված են ռուսական կողմնորոշումով։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Դիտարկմանը, որ ԱլԳ հռչակագրի տեքստում հակահայկական դրույթներ կան, մասնավորապես, տարածքային ամբողջականության դրույթն է ամրագրված, Քոքոբելյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այդ հռչակագրի տեքստում ընդգծված հակահայկական դրույթներ կան։ Առաջին անգամ չէ, որ միջազգային փաստաթղթերում խոսվում է տարածքային ամբողջականության մասին։ Ու երբ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, միևնույն հարթության վրա է դրվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այդ պարագայում դա ընկալելի է դիտվում։ Իհարկե, մենք այդ համատեքստում հաշվի ենք առնում արցախյան հիմնախնդիրը։ Մեր խնդիրը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը, իսկ դա բառացիորեն սևեռված է ազգերի ինքնորոշման դրույթի վրա։ Աշխարհում որևէ միջազգային փաստաթուղթ կամ միջազգային նորմ չկա, որը ազգերի ինքնորոշումը ստորադասի տարածքային ամբողջականությանը։ Ես կարևոր եմ համարում, որ երբ ադրբեջանցիները կամ մեր ընդդիմախոսները փորձում են խոսել տարածքային ամբողջականությունից, պետք է հիշեցնել, որ Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո, իսկ այդ ժամանակ Արցախն այլևս չէր գտնվում իր կազմում։ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է եղել, քան Ադրբեջանի անկախացումը»,- ընդգծեց Քոքոբելյանը։
Նրա խոսքերով՝ այլ կլիներ իրավիճակը, եթե ԱլԳ հռչակագրում բացակայեր ազգերի ինքնորոշման դրույթը .«Այդ պարագայում վտանգավոր կլիներ փաստաթուղթը։ Ցավով, պետք է նշեմ, որ Հայաստանի կողմից տարբեր փաստաթղթեր են վավերացվել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստամբուլյան խարտիան, որտեղ Հայաստանը առանց որևէ դիտողության ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ես չեմ ուզենա, որ սա դառնա կռվախնձոր, որովհետև այն ժամանակ շատ էր խոսվում նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Բոլոր միջազգային փաստաթղթերում, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության մասին, Հայաստանը պարտավոր է իր դիտողությունները ներկայացնել։ Իսկ ԱլԳ փաստաթղթում Հայաստանը հնարավորություն ունի նաև իր կից կարծիքը հայտնելու, որը ամրագրվելու է փաստաթղթում»։
Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ շատերը, որոնք չեն առաջնորդվում հայաստանանպաստ կամ արցախանպաստ կողմնորոշմամբ, կցանկանան, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը այդ փաստաթղթում չլինի. «Նման շատ փորձեր արվեցին, սակայն դրանք արդյունք չտվեցին։ Նաև բնական է, որ շատերը չեն ցանկանա, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը, բայց ի հեճուկս նրանց, Հայաստանի թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է ջանք չխնայեն, որ Հայաստանը այդ փաստաթուղթը նոյեմբերի 24-ին ստորագրի։ Ես համարում եմ, որ սա Հայաստանի համար վերջին շանսն է՝ դուրս չմնալ միջազգային կարևորագույն գործընթացներից»։
Նրա ներկայացմամբ, ցավոք, Հայաստանում շատ-շատ քաղաքական ուժեր կաշկանդված են ռուսական կողմնորոշումով. «Նույնիսկ երբեմն, երբ այդ ուժերի ներկայացուցիչների կողմից հայտարարություններ եմ լսում, տպավորություն է, որ այդ հայտարարությունները ռուսական շուկայի համար են՝ այլ ոչ ՀՀ քաղաքական շահը սպասարկելու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































