Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը նախորդում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում սպասվող ԵՄ Արևելյան գործընկերության Վեհաժողովին, որի ընթացքում նաև սպասվում է Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը: Դրանից տասը օր առաջ Սարգսյանն այցելում է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանը քննակվող թեմաների շարքում բնականաբար բացակայում է Հայաստան-ԵՄ հարաբերության և համաձայնագրի թեման, սակայն որը թերևս առանցքայինն է առնվազն այս փուլում:
Հայ-ռուսական հարաբերության մնացյալ բոլոր հարցերը ներկայումս ենթակա են հենց Հայաստան-ԵՄ համաձայնագրի հեռանկարին և այդ իմաստով գլխավոր հարցը, որ առկա է Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ, առնչվում է հենց նոյեմբերի 24-ի Բրյուսելում սպասվող իրադարձությանը. Մոսկվա այցը մոտեցրե՞ց, թե՞ հեռացրեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Թվում է, թե կա երրորդ տարբերակ, այսինքն տեղում մնալը, ոչինչ չփոխվելը, սակայն գործնականում դա բացառվող տարբերակ է, որովհետև եթե Մոսկվա կատարած այցը Հայաստանը չի հեռացրել համաձյնագրից, չի առաջացրել ավելորդ բարդություն դրա համար, ուրեմն մոտեցրել է դրան:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը անշուշտ մշակվել և բանակցվել է հաշվի առնելով թե Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքն ու ռիսկերը, թե նաև ԵՏՄ ֆորմալ պահանջները: Սակայն դա ապրիորի չի նշանակում, որ գոյություն ունի ստատիկ մի վիճակ, երբ ամեն ինչ արդեն համաձայնեցված է: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը լոկ Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերության կանոնագիր չէ, այն ունի տարածաշրջանային առանցքային նշանակություն: Իսկ տարածաշրջանային իրավիճակը ստատիկ չէ և չի կարող լինել, հետևաբար համաձայնագիրը մշտապես ենթակա է տարածաշրջանային զարգացումներին, ըստ այդմ նաև տարածաշջանում ներգրավված սուբյեկտների ռազմավարական ու տակտիկական մոտեցումներին:
Այդ սուբյեկտների շարքում են թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք միմյանց հետ ունեն հարաբերություն ու խնդիրներ, միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Հայաստանի հետ, նաև նրանցից ամեն մեկը իր խնդիրներն ունի Արևմուտքի հետ: Այս բարդ հանգույցը չի կարող իր այսպես ասած մթնոլորտային ճնշման գոտուց դուրս թողնել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հեռանկարը և այդ իմաստով Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի բուն նպատակներից մեկը անկասկած այդ ճնշումը չափելն էր, հնարավոր վերև կամ ներքև տատանումները արձանագրելը և անհրաժեշտության դեպքում առաջիկա տասնօրյակում ճնշման կարգավորման համար կամ այն կայուն պահելու համար քայլեր ու միջոցներ ձեռնարկելը: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի այցի արդյունավետությունն իհարկե պարզ կլինի միայն նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:
Պուտինի հետ Սարգսյանի հանդիպման արարողակարգային տեղեկատվության տոնայնությունը տալիս է լավատեսության հիմք, որ սկզբունքային խնդիր հայ-ռուսական հարաբերությունը չունի, հետևաբար այդպիսի խնդիր չկա նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասով: Սակայն մյուս կողմից մենք գործ ունենք Ռուսաստանի հետ, որը անկանխատեսելի սուբյեկտ է ի բնե, հետևաբար Սերժ Սարգսյանը առաջիկա տասը օրը մտքով մշտապես կլինի Մոսկվայում, քանի դեռ «փաստաթղթով ամեն ինչ կարգին» վիճակում Երևան չի վերադարձել Բրյուսելից:












































