Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ թագուհու ծննդյան օրը, այսօր նշվելու է նաև Երևանի Սիրահարների այգում: Սա ընդունված ավանդույթ է՝ ամեն տարի հունիսին Մեծ Բրիտանիայի դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը:
Այսօրվա տոնակատարության շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող և «Փարոս» կամերային երգչախումբը:
«Փարոս» կամերային երգչախումբը հիմնվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ «Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են։ Իր գործունեության ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Մասնավորապես, «Փարոսը» երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեի հրավերով ելույթ է ունեցել Թբիլիսիում (1998), հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում (1997) և Ֆրանսիայում (2005), ինչպես նաև հաջողությամբ մասնակցել է Մեծ Բրիտանիայում (2000) և Իտալիայում (2003) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։
Թողարկվել են «Փարոսի» երկու խտասկավառակները։