Վայոց ձորի մարզի 12 համայնքի բնակիչներ փակել են Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը, իսկ վայոցձորցիները համաձայն չեն այդ արդյունքների հետ և ցանկանում են, որ համայնքը շարունակի ղեկավարել նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։
Խուդոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է գնալ և հորդորել բնակիչներին բացել Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը։ «Ինչ ուզում է եղած լինի։ Ճանապարհ փակելը տարբերակ չէ, ելք չէ։ Հեսա ճանապարհը կբացեն։ Ես կգնամ կխոսեմ հետները, կբացեն»,- ասաց Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը։
Մեր դիտարկմանը՝ բնակիչները պահանջում են, որ ինքը շարունակի ղեկավարել, Խուդոյանը արձագանքեց. «Կշարունակի համայնքը ղեկավարել կանոնադրությունը։ Եթե ժողովուրդը ընտրել է որևէ անձի, ուրեմն էդ անձը պետք է ղեկավարի, իսկ ճանապարհ փակելը հարցի լուծման ձև չի։ Նամանավանդ էն հարցի, որը ժողովուրդը արդեն էդպես որոշել է»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ ընտրություններին ինքը կաշառքի դեպքերի ականատես չի եղել, ընտրությունները անցել են նորմալ մթնոլորտում։
Նշենք, սակայն, որ բնակիչների խոսքով՝ ընտրություններին ՀՀԿ-ական թեկնածուն հաղթել է կաշառքի արդյունքում, և իրենք չեն ցանկանում, որ այդ ճանապարհով ընտրվածը ղեկավարի իրենց համայնքը։
Փաստորեն ՀՀԿ-ական թեկնածուին ընտրել են, բայց ցանկանում են, որ Դուք ղեկավարեք համայնքը՝ հարցրինք Խուդոյանին։ «Ես հիմա տեղում կգնամ կհասկանամ, թե որն է պահանջը։ Բայց խոսքը 12 համայնքների մասին է։ Կգնամ կտեսնեմ. եթե իրենց պահանջն օրինական է՝ կկատարվի, եթե օրինական չէ՝ բնականաբար չի կատարվի»,- ասաց Խուդոյանը՝ անպատասխան թողնելով մեր այն հարցը, թե ինքը որպես թեկնածու բողոքարկելո՞ւ է ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։









































