Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:
Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է: Հրապարակվեցին քրեական գործի առաջին հատորում առկա ապացույցները: Այս տարողունակ հատորի փաստաթղթերի հրապարակումը սկսվել էր դեռ նախորդ նիստից:
Հրապարակվեցին հիմնականում հանցախմբի վնասազերծումից հետո նրա անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությունների արձանագրությունները: Խուզարկություններին մասնակցել են նաև հետախույզ շներ «Ջինան», «Ալֆան»՝ իրենց շնավարժների հետ:
Բոլոր բնակարաններից առգրավվել են բջջային հեռախոսները, հիշողության քարտերը, կրիչները, բջջային հեռախոսները, հեռախոսաքարտերը, համակարգչային տեխնիկան, հանցախմբի անդամության համար կասկածվող անձանց փաստաթղթերը, նոթատետրերը, այլ գրառումները:
Ամբաստանյալ Արա Պողոսյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են «Հայոց խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի փաստաթղթերն ու ծրագրային գրառումները՝ «Մեծ մագիստրոս Արա Պողոսյան» ստորագրությամբ:
«Ծրագրային» գրառումներից էին՝ «Ինքնակազմավորումից հետո կառուցել ազգային պետություն, ազգային տնտեսություն…», «Ձևավորել ժամանակավոր կառավարություն», «Ստեղծել «Հայոց վահան»-ի լրատվական գործակալություն» և այլն:
Գրառված էին նաև այսպիսի մտքեր. «Թող մարի արևը, միայն թե ծագի Հայոց անկախության արևը», «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայոց անկախության արևը»:
Հայտնաբերվել են թռուցիկներ՝ «Գրողի ծո՛ցը Սահմանադրական բարեփոխումները», «Ասենք ո՛չ» բովանդակությամբ:
Արա Պողոսյանի պայուսակի մեջ հայտնաբերվել է ոստիկանական համազգեստ՝ ոստիկանության լեյտենանտի տարբերանշաններով:
Գևորգ Ջնդոյանի բնակարանում ևս հայտնաբերվել են թռուցիկներ ու գրառումներով թղթեր, մասնավորապես՝ այսպիսի գրառումներով. «Աստված սեր է, սիրի՛ր և ուզածդ արա՛», «Անչափահասների պատրաստության ծրագիր»:
Վահագն Սալնազարյանի բնակարանում հայտնաբերվել է ՕԵԿ-ի անդամատոմս:
Վահագն Սալնազարյանի բնակարանում կատարված խուզարկության արձանագրության հրապարակումից հետո նրա շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Ղազարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի բնակարանում չեն հայտնաբերվել զենք-զինամթերք, նրա համակարգիչներում որևէ տեղեկություն չի պարունակվել «Հայոց վահան» կազմակերպության ծրագրերի վերաբերյալ: Նրանից առգրավված համակարգչային տեխնիկան ամբողջովին վերադարձվել է, քանի որ քննությանը հետաքրքրող որևէ նյութ չի պարունակել: Բնակարանում հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի քարտեզներ՝ դա էլ պաշտպանը բացատրեց նրանով, որ իր պաշտպանյալի կինը աշխարհագրության ուսուցչուհի է: Ընդհանուր առմամբ՝ պաշտպանի եզրակացությունն այն էր, որ խուզարկության արձանագրությամբ նույնպես փաստվել է՝ Սալնազարյանը որևէ առնչություն չի ունեցել հանցախմբի հետ:
Զենք-զինամթերք կամ ծրագրային ինչ-ինչ գրառումներ ու կոչեր չեն հայտնաբերվել նաև Վաղինակ Ստեփանյանի բնակարանում: Վերջինիս շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նույնպես հայտարարեց, որ բնակարանի խուզարկության արձանագրությամբ նույնպես հաստատվում է, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի զինված հանցախմբի հետ:
Այս գործից հետագայում անջատված մասով անցած Հակոբ Հակոբյանի բնակարանում հայտնաբերվել է… նիզակ ու հակագազ: Հակոբյանը հայտարարել է, որ դրանք պատկանում են իր որդուն, ով խուզարկության պահին ծառայում էր բանակում: Հակոբյանի կինն իրենց ննջարանից խուզարկողներին է ներկայացրել որսորդական հրացան ու ասել է, թե դա իր հանգուցյալ հորեղբոր օրինական հրացանն է, հորեղբայրը հրացանն ի պահ էր հանձնել իրեն, որ հետագայում վերցնի, բայց մահացել է, հրացանն էլ մնացել է իր մոտ: Կինն ասել է, թե ննջարանում գտնվող որսորդական հրացանի մասին ամուսինը տեղյակ չէր:
Դատական նիստի ընդմիջումից հետո հրապարակվեցին նաև քրեական գործի երկրորդ հատորում պարունակվող փաստաթղթերը: Դրանք հիմնականում կասկածյալներին բերման ենթարկելու, նրանց իրավունքները բացատրելու, պաշտպան տրամադրելու և ձերբակալելու վերաբերյալ փաստաթղթերն էին:
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստաթղթի վրա, համաձայն որի՝ Հայր Անտոնին տրամադրվել է հանրային պաշտպան, Հայր Անտոնը հանդիպել է պաշտպանի հետ, ապա հայտարարել է, թե հրաժարվում է հանրային պաշտպանից ու ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Հայկ Ալումյանն ընդգծեց, որ այդ ժամանակ Լևոն Բաղդասարյանն արդեն Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանն էր, և այդ պարագայում նա ստանձնել է նաև Հայր Անտոնի պաշտպանությունը:
Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Արթուր Վարդանյանին ու Հայր Անտոնին չեն կարող պաշտպանել նույն պաշտպանները, քանի որ այս ամբաստանյալների շահերի միջև առկա է հակասություն:
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ բերման ենթարկված Խաչիկ Ավետիսյանը հայտարարել է. «Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, չեմ հասկանում՝ ինչո՞ւ եմ կասկածվում»:
Ըստ հրապարակված փաստաթղթի՝ բերման ենթարկված Ավետիս Բարեյանի գրպանում եղել է թուղթ՝ ինչ-որ երթուղու գրառումով: Երթուղին սկսվում էր Տիգրան Մեծի փողոցից, հասնում էր ոստիկանության ակադեմիա և ավարտվում էր օդանավակայանում:
Ջնդոյանը հայտարարել է, որ թուղթն իրենը չէ, երբ ինքը գիշերել է Նորք-Մարաշի առանձնատանը, իր բաճկոնը հագել է Գևորգ Ջնդոյանն ու գնացել է քաղաքում նկարահանումներ կատարելու, հավանաբար նա է գրել…
Քրեական գործի երկրորդ հատորում առկա փաստաթղթերի հրապարակումը մոտենում էր ավարտին, երբ Վահան Շիրխանյանը տեղից դատավորին ասաց, թե վատ է զգում, այլևս չի կարող նստած մնալ ու մասնակցել դատական նիստին:
Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը մինչև նիստն ավարտելը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կամ նրա նկատմամբ գրավ կիրառել: Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանում հարցաքննվել են բոլոր վկաները, «իրավիճակ է փոխվել» և իսպառ բացակայում են Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Վահան Շիրխանյանը չի կարող խոչընդոտել դատական քննությանը, նա այդպիսի նպատակ չի ունեցել և չունի:
Մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ՝ պնդելով, թե Վահան Շիրխանյանին կալանքի տակ պահելու հիմքերը բնավ էլ վերացված չեն:
Իսկ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը իր կարծիքը հայտնեց. «Հիվանդ մարդ ա, թող գնա տուն, էլի»:
Խորհրդակցական սենյակում կես ժամ մնալուց հետո դատարանը հրապարակեց որոշումը: Նա մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ մերժման հիմքում դնելով ՀՀ քր. դատ. օր.-ի մի շարք հոդվածներ, ինչպես նաև… Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը…
Դատական նիստը ավարտվեց՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ հանցավոր «համագործակցությունը, կազմակերպված խումբը» ստեղծել ու ղեկավարել է Արթուր Վարդանյանը:
Խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերվել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, սարքեր՝ ՀՀ իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով, սակայն 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են բացահայտված խմբի անդամներին:
Հայր Անտոնը՝ «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն, Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, ՀՀ և Ավստրալիայի քաղաքացի Անտոն Դիկար Թոթոնջյանը, ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի ապրիլից «անձնապես» ծանոթացել է Իսպանիայից Հայաստան ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս ստեղծած հանցավոր «համագործակցությանը»՝ ֆինանսավորելով այն:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Շիրխանյանը 2015 թվականի մայիսից «անձնապես» ծանոթանալով Հայր Անտոնի, Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս ստեղծած հանցավոր համագործակցությանը…
Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 2-րդ, 235 հոդվածի 3-րդ, 35-300 հոդվածի 1-ին մասերով:
20 ամբաստանյալներից կալանքի տակ է 12-ը:











































