Հայաստանում ներդրումներ ներգրավելու հնարավորությունները, խոստումները ոչ միայն մեր երկրի ու ժողովրդի, մեր տնտեսության փրկության համար են խիստ կարևոր, այլև այն արդեն դարձել է պաշտոնյաների համար շահարկման թեմա: Եվ երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ այդ թեմային նորից անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Չէ որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ հենց ինքն էր այս տարվա համար մոտ 850 մլն դոլարի ներդրումների մասին խոստում տվել: 1 մլրդ դոլարի ներդրումների մասին վերջերս հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Եվ տպավորություն է ստեղծվում, որ այս երկու պաշտոնյաները մրցակցում են ակնկալվող ներդրումներ իրենց վերագրելու համար:
Նրանք շատ լավ գիտակցում են, որ ներդրումներով է պայմանավորված մեր երկրի ոչ միայն զարգացման, քանի որ մենք դեռ հեռու ենք այդ վիճակից, այլև գոյատևման խնդիրը: Նաև այդ ներդրումներով է պայմանավորված մեր ժողովրդի սոցիալական վիճակը ու նույն իշխանությունների գոյատևման ճակատագիրը: Հայաստանի անկախության տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը սոցիալական վատ ու գոյություն ունեցող անարդարությունների արդյունքում ժամանակ առ ժամանակ ընդվզում է կամ դրա անհաջողությունից հիասթափված՝ արտագաղթում: Ընդվզումների ու ուժեղ արտագաղթի գործընթացները հաջորդում են միմյանց, ու չի բացառվում, որ դրանց հերթական ցիկլը կարող է իշխանությունների համար ճակատագրական լինի: Ահա թե ինչու են նրանք լծվել ներդրումներ կպցնելու գործընթացին: Իսկ կոնկրետ Կ.Կարապետյանի դեպքում այդ խնդիրը դարձել է նաև պատվի հարց, քանի որ այդպիսով արդարացվելու է նրա՝ իշխանության մնալու կամ իշխանությունից հեռանալու հարցը:
Եվ հերթական անգամ նա երեկ հայտարարեց, որ մինչև տարեվերջ իրականանալու են ներդրումների վերաբերյալ իր խոստումները: Բայց ասուլիսին հնչեցրած նրա մի քանի այլ հայտարարություններ ստվերեցին այդ միտքը: Նա նախ հայտարարեց, թե պետք չէ ներդրումները շփոթել ներդրումային ծրագրերի հետ: Սա շատ խորամանկ բառախաղ է, որ օգտագործում է թե՛ Կ. Կարապետյանը, թե՛ մեր շատ այլ պաշտոնյաներ: Տվյալ դեպքում ներդրումային ծրագրեր են համարվում այն բոլոր խնդիրները, որոնք իրականացման կարիք ունեն: Դա նույնն է, թե ընտանիքը կամ ընտանիքի հայրը հարևանի հետ զրույցում ասի, թե մեքենա, սառնարան կամ հեռուստացույց գնելու, տունը վերանորոգելու ծրագրեր ունի, բայց դրա համար փող չունի: Եվ այդպես մեզ մոտ տարիներ շարունակ ներդրումային ծրագիր է համարվել Իրան-Հայաստան երկաթգիծ կամ նոր ատոմակայան կառուցելելը: Հիմա մենյուն որոշակիորեն փոխվել է դեպի սպասարկման և արտադրության ոլորտներ: Հասկացան, որ նման խոշոր մասշտաբի ծրագրերը մեզ համար անհասանելի են:
Կ. Կարապետյանի հաջորդ հետաքրքիր հայտարարությունն այն էր, որ նա իր խոստացած ներդրումներում ներառեց ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ինչպես տեղական, այդպես էլ օտարերկրյա ներդրումները: Անկախ այն հանգամանքից, թե վիճակագրությունը ներդրումները բնութագրող ինչ մեթոդոլոգիա է օգտագործում, հանրությունը ներդրումներ ասելով՝ հասկանում է մասնավոր հատվածի կողմից նոր ստեղծվող բիզնես կամ արդեն ստեղծված բիզնեսի հնարավորությունների ընդլայնում: Ավելին, ակնկալում է, որ այդ ներդրումն ավելի շատ դրսից լինի: Բայց այն, որ պետական միջոցներով ճանապարհի կամ ջրագծի վերանորոգումը, դպրոցի վերանորոգումը և նման այլ ծախսերը ներդրում են համարվում և մտնում խոստացված 850 մլն դոլարի մեջ, արդեն խաբեություն է:
«Նախագահի ասած 1 միլիարդը Ներդրողների ակումբն է անելու, որը ժամանակին ստեղծել ենք: Ստեղծման երրորդ օրը հարց էր հնչում, բա ո՞ւր են ներդրումները: Իրենք մոտ ժամանակներս ձեզ հստակ կհայտարարեն: Հավանաբար առաջիկա 13 օրերին»,- երեկ հայտարարել է Կ. Կարապետյանը:
Ներդրողների ակումբը ներառում է ռւսաստանահայ գործարարներին, որոնց մեջ էլ հիմնականում Սամվել Կարապետյանն է ինչ-որ նախաձեռնություններ արել: Հայտնի է, որ այդ ակումբի անվան տակ նա Դեբեդ գետի վրա Շնող ՀԷԿ-ն է կառուցելու, որի արժեքը 150-180 մլն դոլար է: Բայց այնպես չէ, որ Ս. Կարապետյանն այդ հեկը որոշեց կառուցել այն ժամանակ, երբ Կ. Կարապետյանը որոշեց այդ ակումբը ստեղծել կամ վարչապետ նշանակվել: Գործարարն այդ նպատակը շատ ավելի վաղուց է ունեցել, պարզապես Կ. Կարապետյանին աջակցելու համար դա ներառեց այդ ակումբի ծրագրերում: Արդյոք այդ ներդրումների մեջ է մտնում նույն Ս. Կարապետյանի կողմից գնված Բարձրավոլտ էլեկտրակայանը, որտեղ ոչ թե սեփական, այլ միջազգային բանկերից վերցրած 160 մլն դոլարի վարկային միջոցներ են ներդրվելու:
Ի դեպ, Ս. Կարապետյանից բացի, ներդրողների ակոմբից որևէ այլ ներդրող երկնակամարում դեռ չի երևացել, թեև նախապես այնտեղ ռուսաստանահայ ավելի քան 30 գործարարի անուն կար՝ հայկական ու համաշխարհային քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն, Ռոբսոնը, ինչպես նաև՝ Գենադի Ստեփանյանը, որը ծագումով Արցախից է և արցախյան կլանում բավականին հայտնի դեմք է: Նա մտերիմ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի հարսանիքի քավորն է: Նա շինարարական բիզնես է ունեցել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ու նրա կնոջ՝ Ելենա Բատուրինայի հետ: Այս եռյակին վերագրվում են շինարարական բիզնեսում տարիներ շարունակ խոշոր գումարներ լվանալու մեղադրանքներ: 2011թ. Գ. Ստեփանյանն ձերբակալվել է, նրա աշխատասենյակից ՌԴ իրավապահները բազմաթիվ փաստաթղթեր էին հայտնաբերել, որոնց համաձայն՝ նա ունեցել է ռուս պաշտոնյաների մի մեծ ցուցակ, որոնց պարբերաբար գումարներ է տվել իր մութ գործերը չնկատելու համար:
Ակումբի այլ անդամներ ֆինանսական խնդիրներ ունեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրինակ, «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանը պարտքեր ունի իր բիզնես գործընկեր Գագիկ Ծառուկյանին: Այլ գործարարներ խոշոր վարկեր ունեն և ՀՀ-ում ներդրումներ անելու հնարավորություն չունեն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անգամ Ս. Կարապետյանը նրանց պարտքերը հովանավորելու պարտականություն է ստանձնել, միայն թե նրանք Ներդրումների ակումբի միջոցով ինչ-որ ծրագրեր իրականացնեն և աջակցեն Կ. Կարապետյանին: Իսկ թե ինչ են անելու, դա պարզ կդառնա նոյեմբերի 13-ին՝ ինչպես խոստացավ Կ. Կարապետյանը: Հայտնի է, որ այդ օրերին Երևանում բացվելու է Ս. Կարապետյանի Ռիո առևտրի կենտրոնը: Արդյոք դա էլ է մտնելու այդ 830 մլն դոլարի ներդրումների մեջ, պարզ կդառնա առաջիկայում:
Իսկ ինչ վերաբերում է Ներդրողների ակումբի ծրագրերին, ապա նրանց կայքում, Շնողի ՀԷԿ-ից բացի, կա նաև 300 մլն դոլար արժողությամբ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, որտեղ ակումբի բաժինը 45 մլն դոլարն է: Դա հավանաբար Իրանի հետ տարիներ շարունակ քննարկվող, բայց դեռ իրականություն չդարձած ծրագիրն է: Եվ մոտ 62 մլն դոլարանոց կենցաղային աղբից էներգիայի ստացման կայանի կառուցումն է, որտեղ ակումբը ներդնելու է 9․3 մլն դոլար:
Ահա առայժմ այս ծրագրերն են հայտնի, որոնք դեռ հեռու են իրականություն դառնալուց, և որոնք ավելի վաղ էին նախաձեռնվել, քան թե այդ ակումբը կստեղծվեր:










































