Հանրապետության 69 համայնքում ընտրություններ են լինելու, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է լինելու, իսկ 34-ը խոշորացված համայնքներն են: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններին կմասնակցեն 359 բնակավայրերի բնակիչներ:
«Քվեարկությունը կազմակերպվելու է նոր ԸՕ-ի համաձայն, ինչը նշանակում է, որ տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ: Ընտրությունների օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում կգործի 800-ից ավել սարքավորում, որոնց միջոցով կկատարվի ընտրողների գրանցում, այսինքն՝ նույն եղանակով, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց նա:










































