«Չափազանցություն կլինի մտածել, որ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան գալով՝ 2018-ի հետ կապված որևէ հարց է լուծվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ վերջինիս դերակատարությունը ռուսական քաղաքական համակարգում որոշիչ չէ։
Նրա խոսքերով՝ Մեդվեդևի՝ Հայաստան գալով հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չավելացվեց, և այդ այցն ընդամենը միջոցների վատնում էր. «Ինչ-որ ծիսական հավաք, որտեղ մարդիկ հերթապահ խոսքեր էին ասում՝ ավելի շատ դիվանագիտական բնույթի էին և պարտադիր չէր, որ դրանք իրականությանը համապատասխանեին։ Այսինքն՝ այդ հանդիպման մեխն այն էր, որ մեխ չկար»,- ասաց փորձագետը։
Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ Հայաստանում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությունը մեծանում է և դրա մեղավորը հենց Ռուսաստանն է. «Իր այս կացնային, սպառնալից քաղաքականությամբ Ռուսաստանը Հայաստանին դնում է կենսական աստիճանի վտանգների առաջ։ Ռուսաստանն այսօր Հայաստանի սպառնալիքների գլխավոր գեներատորն է՝ սկսած Ադրբեջանին զենք վաճառելուց, այդ թվում՝ հարձակվողական, և վերջացրած նրանով, որ Հայաստանի առջև դրվում են պարտավորություններ, որոնք կաշկանդում են մեր զարգացմանը։ Հետևապես Հայաստանն այս մարտահրավերին պետք է պատասխան ունենա, բայց Ռուսաստանը փչացնում է Հայաստանի իմունիտետն այս ամենի նկատմամբ։ Այսինքն՝ ռուսներին չի բավարարում այն ամենը, ինչ իրենք անում են Հայաստանի նկատմամբ, ուզում են, որ Հայաստանը մի հատ էլ շնորհակալ լինի իրենց այդ ամենի համար։ Սա ուղղակի լկտիություն է, ինչ-որ տեղ նաև սադիզմ։ Այո՛, Հայաստանի հանրությունը մեծածավալ եզրակացություններ ունի անելու այս ամենից»։
Փորձագետը շարունակում է. «Մենք ուրիշ հայրենիք չունենք, մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, և այդ հայրենիքը նրա համար չէ, որ ռուսները գան ու իրենց սապոգները մաքրեն մեր վրա»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































