Հիմա էլ` Հայաստանի կառավարությունն ազգային ավիափոխադրող է ստեղծում` դարձյալ ռուսների միջոցով: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ մասին, ինչպես միշտ, մենք տեղեկանում ենք ոչ թե մեր պաշտոնական աղբյուրներից, այլ` ռուսական РИА Новости պետական լրատվական գործակալությունից: Վերջինս հղում է անում Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին, ով երեկ Երևան է ժամանել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարած պատվիրակության կազմում:
Եվ ահա Սոկոլովը Երևանում հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի միջև շարունակվում են բանակցությունները ազգային ավիափոխադրողի ստեղծման շուրջ: Ազգային ավիափոխադրողը ստեղծվելու է Sukhoi Superjet 100 ռուսական ինքնաթիռների բազայի հիման վրա: Ընդ որում` Sukhoi SuperJet 100-ները Հայաստան կարող են մատակարարվել միայն 2019-ից և խիստ սահմանափակ քանակով` հինգ տարվա ընթացքում ընդամենը տաս ինքնաթիռ:

Մեր պատկան մարմիններն, ինչպես միշտ, կլռեն, լավագույն դեպքում` ոչ կհաստատեն և ոչ էլ կհերքեն լրատվությունը` հղում անելով շարունակվող բանակցություններին: Արդեն այն փաստը, որ մենք լրատվությունը ստանում ենք ոչ թե հայկական, այլ` ռուսական աղբյուրներից, օբյեկտիվորեն կասկածներ է ծնում այս գործարքի թափանցիկության և արդյունավետության վերաբերյալ: Կասկած չկա, որ նաև մեր հրապարակման շնորհիվ առաջիկա օրերին կհնչեն փորձագիտական մասնագիտական գնահատականներ:
Ցավալին այն է, որ մեծ հավանականությամբ դրանք ոչ թե փարատելու են, այլ խորացնելու են մեր մտահոգությունները: Սակայն մասնագիտական գնահատականներից ոչ պակաս ու գուցե նաև` ավելի, մեզ հուզում է Հայաստանի իշխանությունների, հատկապես` վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության քաղաքականության սկզբունքը: Տեսության, փաստաթղթային ձևակերպումների մակարդակում Հայաստանի իշխանությունն ընդունում է վարվող քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, նաև ու հատկապես` տնտեսության բնագավառում:

Նույնիսկ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ չորս տարի ուշացումով իրենց հաջողվել է ապացուցել «և, և»-ի քաղաքականության կենսունակությունը: Խոսքը գնում է` ԵՏՄ անդամ լինելով, Հայաստանի և Եվրամիության արդյունավետ համագործակցության մասին: Սակայն այս ամենը դեռ կարգախոսների մակարդակում է: Բազմավեկտոր քաղաքականության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև Հայաստանը գտնվում է ռուսական տոտալ վերահսկողության ներքո և այդ հանգամանքը կասկածի տակ է դնում ինքնուրույն քաղաքականությունն` առհասարակ, կաշկանդում է խորքային, լուրջ հարաբերությունների հաստատումը մյուս բոլոր ուղղություններով: Հայաստանի սուբյեկտության փաստացի բացակայությունը բերել է նրան, որ Հայաստան չի գալիս արևմտյան կապիտալ, եղածն էլ` հեռանում է երկրից: Երևանից այդպես էլ հստակ պատասխաններ չեն հնչում Իրանի ռեգիոնալ ծրագրերին, որոնք կարող են շուտով կորցնել իրենց գրավչությունը` Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցության հաստատումից հետո: Իսկ մեր իշխանությունները ոնց պտտվում են` հերթական գործարք են կնքում ռուսների հետ: Կոռուպցիոն և զարգացում չապահովող:
Հ․Գ․
ՀՀ Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը վերջերս մեր լրատվամիջոցին ասել էր, որ ՌԴ-ն այս քայլով փորձ է Sukhoi SuperJet ինքնաթիռները մեզ վրա «սաղացնել»: «Մենք նման դեպքում փորձադաշտ ենք, դուք գիտեք, որ աշխարհում ոչ ոք էդ Sukhoi SuperJet-ները այդպես էլ չգնեց, գնողները վերադարձրին: Կա աշխարհում կայացած հիմնական երկու ընկերություն՝ Boeing, Airbas, ինչի՞ պետք է գնենք Sukhoi SuperJet -երը: Էդ նույն բանն է, ինչ «Մոսկվիչ», «Զապոռոժեց» կամ «Վոլգա» քշենք»,- ընդգծել էր նա:






































