Վարչապետ Կարեն Կարապետյանը վերջին ամիսներին մի քանի անգամ կառավարության նիստի ժամանակ բարձրաձայնեց դատարանների ծանրաբեռնվածության հարցը։ Այդ խնդիրն իսկապես լուրջ է, քանի որ փաստաբանների կողմից արդեն բարձրաձայնումներ են լինում, որ 2019 թվականի վրա մակագրված գործեր կան։ Ընդ որում՝ այդ գործերի մեծ մասը հրատապություն ունեցող գործեր են և աբսուրդ իրավիճակ է առաջանում, երբ դրա վերաբերյալ գործը Վարչական դատարանում նշանակվում է 2 տարի հետո։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը նույնպես իր վարույթում հրատապություն ունեցող գործեր ունի, սակայն կրկին խնդրի առաջ է կանգնել, քանի որ իր հայցը պետք է քննվի կրկին 2 տարի անց։ «Իսկապես սա շատ լուրջ խնդիր է։ Փաստացի, անձանց իրավունքները երկարատև ժամանակ մնում են խախտված։ Տևական ժամանակ չի լինում փաստացի դատական ակտ, և խախտված իրավունքը մնում է չվերականգնված։ Օրինակ՝ հիմա իմ վարույթում գործ կա, որը վերաբերում է երեխայի տեսակցությանը։ Այդ հայցով դատարան ենք դիմել դեռևս 2012 թվականին, 2017 թվականին նոր միայն առաջին ատյանում ավարտվել է գործի քննությունը, և դիմել ենք Վերաքննիչ դատարան։ Տեսակցության հարց է, երեխայի շահերից է բխում, որ ծնողը կարողանա տեսակցել իր երեխային, դիմել է դատարան, որ իր երեխային տեսակցի, բայց փաստացի, դատարանի պատճառով մի քանի տարի ձգվում է այդ պրոցեսը։ Նույն վիճակն է նաև ալիմենտի բռնագանձման պահանջով գործերի դեպքում։ Անձը ստիպված է տարիներով սպասել, որպեսզի իր երեխայի ապրուստավճարը սահմանվի օրինական դատական ակտով։ Սրանք հրատապություն պահանջող գործեր են, բայց չեն ստանում այդ հրատապությունը, քանի որ մեր դատական համակարգը խնդիր ունի։ Սա շատ լուրջ խնդիր է արդար դատաքննության տեսանկյունից, որովհետև գործի քննությունը պետք է տեղի ունենա ողջամիտ ժամկետում։ Սրան Եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիմա մի գործով ինքը դիմել է Եվրոպական դատարան, քանի որ այդ գործը ներպետական ատյաններում քննվել է ոչ ողջամիտ ժամկետում։ Գործի քննությունը տևել է 9 տարի։ Մինչդեռ Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշումներում փաստում է, որ անկախ նրանից այդ գործով հայցի բավարարում եղել է, թե ով, կողմի իրավունքները ներպետական ատյաններում բավարարվել են, թե ոչ, դա դեռևս հիմք չի արձանագրելու, որ գործը քննվել է ողջամիտ ժամկետներում։ «Մեր գործը հենց այդպիսինն է։ Իմ վստահորդի շահերը այս 9 տարի տևած դատական պրոցեսի ժամանակ վերականգնվել է, բայց դատական պրոցեսը ողջամիտ չի եղել։ Եվ եվրոպական դատարանը, կարծում եմ, միանշանակ, այդ մասով խախտում կարձանագրի։
Կիվիրյանի խոսքերով՝ դատարանների ծանրաբեռնվածությունը բոլոր դատարաններում էլ առկա է, իսկ վարչական վերաքննիչում՝ առավել նկատելի։ Իսկ Վարչական դատարան սովորաբար դիմում են անձինք, ում իրավունքները խախտվել են այս կամ այն պետական մարմնի կողմից, պաշտոնատար անձի կողմից, սակայն անձը մոտ 3-4 տարի չի կարող հույս ունենալ, որ իր խախտված իրավունքը կարող է վերականգնվել։ «Ստեղծվում է իրավական անորոշություն, որը լուրջ սպառնալիք է։ Շատ դեպքեր են լինում, երբ այդ տարիների ընթացքում անձը կորցնում է իր հետաքրքրությունը գործի նկատմամբ, չի ցանկանում գնալ մինչև վերջ, քանի որ իր բարձրացրած հարցը հրատապություն է պահանջում, իրեն պետք է, որ հարցը արագ կարգով լուծում ստանա, բայց չի լինում։ Իսկ դատարանների խորհուրդը փոխանակ այս խնդրի լուծման համար կարգավորումներ փնտրի, հրաման է արձակում, որ սողունների կամ բակտերիաների մուտքը դատական նիստերի դահլիճ արգելվում է։ Պետք է կարողանալ տարբերակել առաջնայինը երկրորդականից»,- նշեց փաստաբանը։
Ստեղծված իրավիճակը, փաստաբանի խոսքերով, առաջացել է դատարանների փոքր կազմի պատճառով, կազմակերպչական սխալ մեխանիզմների հետևանքով։ Օրինակ՝ վարչական Վերաքննիչ դատարանն այսօր ունի դատական 2 կազմ, որոնք քննում են ամբողջ հանրապետության տարածքով վարչական բնույթի բոլոր հայցերը, որոնք բողոքարկվել են վերաքննիչում։ Իսկ այս հանգամանքն արդեն ազդում է գործերի քննության որակի, բովանդակության ու ժամկետների վրա։
Խնդրի լուծման համար կառավարությունն արդեն հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծերով նախատեսվում է, մասնավորապես, ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով: ՀՀ դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն:
Փաստաբանները համարում են, որ դատավորների թվի ավելացումը կարող է մեղմել ստեղծված վիճակը, սակայն այլ լուծումներ, կարգավորումներ ևս անհրաժեշտ են։
Նախարարությունը նոր նախագծով ամրագրել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների վճարները։ Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի փորձագետ Լիլիթ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վերը նշված փոփոխությունները այս պահի դրությամբ բավարար են, որպեսզի առկա ծանրաբեռնվածությունը նվազի։ «Մենք որ վիճակագրական պատկերը ուսումնասիրեցինք, պատկերը հետևյալն էր՝ 200 հազար դրամից ավելի հայցերը կազմում էին մոտ 2280 գործ։ Դրա համար մենք հիմա 200 հազար դրամի շեմը դարձրել ենք 500 հազար դրամը։ Այսինքն՝ մինչև 500 հազար դրամի վեճի պարագայում վարչական մարմինը դիմելու է ԴԱՀԿ բռնագանձումը իրականացնելու համար։ Իսկ 500 հազար դրամից ավելի տուգանքների դեքպում գործերը գնալու են Վարչական դատարան։ Դրա արդյուքնում ծանրաբեռնվածությունը կնվազի, քանի որ Վարչական դատարանի հայցերի 25 տոկոսը բռնագանձման վերաբերյալ հայցեր են։ Այսինքն՝ մենք Վարչական դատարանի դատավորների թիվը 3-ով կրճատում ենք, 3 դատավորով, այսինքն՝ 1 դատական կազմով ավելացնում ենք Վերաքննիչ վարչական դատարանի կազմը և փոխում ենք գործերի վերաբաշխման կարգը։ Արդյունքում՝ 2018-2019 թվականների վրա մակագրված գործերը, հնարավոր է՝ ավելի արագ քննվեն»,- ասաց տիկին Պետրոսյանը։
Նախագծերի ընդունմամբ, պատկան մարմինների հավաստիացումներով, կնվազեցվի Վարչական և Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը։ Լիլիթ Պետրոսյանի խոսքերով՝ կատարվածը առայժմ բավարար է, հետագայում դատական պրակտիկան կհուշի, թե ինչ պետք է անել և ինչ փոփոխությունների պետք է գնալ։
Առաջիկայում սպասվում է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն կտա այս նախագծին։









































