Այսօր մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային յոթերորդ մրցույթը։ Մրցույթի աջակից ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանի խոսքով, փառատոնի առաջնային նպատակն այն է, որ աշխարհում կատարվի Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
Տարեցտարի ավելանում է մասնակից երաժիշտների թիվը։ Այս տարի Արամ Խաչատրյանի անվան մրցույթին մասնակցում է 47 երաժիշտ՝ 36 դաշնակահար, 11 կոմպոզիտոր։ Մասնակիցները եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից,Կանադայից, Չինաստանից, Իսպանիայից, ԱՊՀ մի շարք երկրներից և այլն։
Առաջին անգամ մրցույթ է նաև կոմպոզիտոների համար։ Մասնակից կոմպոզիտորները հիմնականում ԱՊՀ երկրներից են։ Հաղթող կոմպոզիտորի ստեղծագործությունը կնվագեն փակման համերգին։
«Վերջերս շոու ծրագրերն ավելի շատ են և մեծ ժողովրդականություն են վայելում։ Դասական արվեստը պետական աջակցության կարիք ունի։ Այսօր երաժշտական դպրոցների թիվը գնալով կրճատվում է»,- ցավով հայտնում է Արմեն Սմբատյանը։
Դաշնակահարերի մրցույթի հաղթողը կստանա 15,000 ԱՄՆ դոլար, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները՝ համապատասխանաբար 10,000 և 5000 դոլար։
Կոմպոզիտորական մրցույթում առաջին տեղի համար սահմանված է 5000 դոլար մրցանակ։
Փառատոնը տևելու է հունիսի 6-13-ը: