Բելգրադը զարդարվել է սերբական և թուրքական դրոշներով։ Դրա պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն է Սերբիա, որը Սերբիայի բնակչության մուսուլմանական հատվածը դիտարկում է որպես պատմական իրադարձություն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Էրդողանը Բելգրադ է ժամանել երկուշաբթի երեկոյան, որտեղ «Միր» կառավարական վիլլայում ոչ պաշտոնական ընթրիքի շուրջ հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Երեքշաբթի նշանակված է այցի պաշտոնական մասը՝ համաձայնագրերի ստորագրում և հանդիպումներ քաղաքականության ու բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Չորեքշաբթի Էրդողանը կայցելի Սերբիայի հարավի Նովի Պազար քաղաք, որը համարվում է Բալկաններում Անկարայի գաղափարական և քաղաքական պատվարը։











































