Մեկ տարի առաջ Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ ընտրությունները բացառիկ քաղաքական նշանակություն ունեին երկու հարթության վրա: Դրանք առաջինն էին սահմանադրական փոփոխություններից հետո, և, ըստ էության, տեղի էր ունենալու նոր մոդելի փորձարկումը՝ մանավանդ, որ Գյումրիի և Վանաձորի ընտրակարգն ամբողջովին հարմարեցված էր խորհրդարանական կառավարման տրամաբանությանը: Այլ խոսքով՝ Գյումրիի և Վանաձորի ընտրություններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին՝ ինստիտուցիոնալ, քաղաքական տեսանկյունից, և հենց դա էլ հավելյալ նշանակություն և կարևորություն էր տալիս դրանց:
Ընդդիմությունը փորձեց առավելագույնս օգտագործել նոր Սահմանադրության ընձեռած քաղաքական և իրավական ռեսուրսները, ու դա իր արդյունավետությունը ցույց տվեց հատկապես Վանաձորի ընտրություններում: «Լուսավոր Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» և ԲՀԿ-ն ընտրությունների արդյունքներով ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ 33 անդամ ունեցող ավագանիում իրենց մանդատների ընդհանուր թիվը հասցնելով 19-ի:
Ժողովրդավարության ոգին, ավանդույթները հուշում էին, որ մեկ քաղաքի մակարդակով տեղի է ունենալու իշխանափոխություն: Ընդ որում, սա հրաշալի առիթ կտար իշխանություններին գործնականում ապացուցելու սահմանադրական փոփոխությունների էֆեկտիվությունը: Մի կողմից՝ Վանաձորում ընդդիմության հաղթանակը չէր վտանգում ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը երկրում, մյուս կողմից՝ մերկապարանոց էին դառնում բոլոր մեղադրանքները, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով փորձում է երկարաձգել իր թիմի իշխանությունը:
Սակայն հենց Վանաձորում իշխանությունները թաղեցին պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության, տոլերանտության գաղափարները: Այնքան էլ էական չէ, թե ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի 15 ձայնն ինչպես դարձավ 19, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը գործի է դրել հրապարակային, օրինական քաղաքականությանը խորթ գործիքներ՝ ցանկալի արդյունք ստանալու նպատակով:
Վանաձորի ընտրությունները բացահայտեցին Հայաստանի իշխանությունների քաղաքական սնանկությունը, նրանց կողմից թմբկահարվող բարեփոխումների իմիտացիոն բնույթը: Քրեաօլիգարխիկ համակարգը երկնչեց ընդդիմության անգամ փոքր հաղթանակից, որովհետև դրա քաղաքական էֆեկտը ձնագնդի սկզբունքով կարող էր քանդել համակարգը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Վանաձորը դարձավ այն քաղաքական ինդիկատորը, որը բացահայտեց խորհրդարանական առաջիկա ընտրությունների, դրանց արդյունքում ձևավորող իշխանության որակը: Վանաձորի նախադեպը լեգիտիմության դեֆիցիտի, բացակայության ական է Հայաստանի ընտրական, քաղաքական համակարգերի ընդերքում:
Ընտրություններից մեկ տարի անց Վանաձորում պահպանվում է հակասահմանադրական վիճակը, և այդ վիրուսը շարունակում է արագորեն տարածվել՝ Հայաստանի ողջ քաղաքական և ընտրական համակարգերը դնելով անդամալուծության վտանգավոր հեռանկարի առաջ:










































