Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Թեպետ ուսանողները ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը, բուհի խնդիրների մասին բարձրաձայնող դասախոսները ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում նոր և աղմկահարույց փաստեր են ներկայացրել։
Ընդհանուր դասադուլը հիմա ժամանակավորապես դադարեցված է՝ խոստացել են կատարել ուսանողների մյուս պահանջը առ այն, որ բարձր ՄՈԳ-երով ուսանողներին թույլ կտրվի օգտվել զեղչային համակագից, որը այս տարի կամայականորեն վերացրել էր նույն Սահակ Մինասյանը։
Ուշագրավ է, որ ՇՊՀ դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ բավականին դրական մթնոլորտում անցած հանդիպումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ բուհում առկա խնդիրներն ընդամենը միջանձնային բնույթի են։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանն ասաց՝ Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ընթացքում շատ ավելի աղմկահարույց փաստեր են ներկայացրել բուհում կատարվող անօրինականությունների վերաբերյալ. «Ներկայացրեցինք փաստաթղթեր, որոնք անօրինական են, հակասում են ՀՀ բարձրագույն կրթության մասին օրենքին։ Ես նախարարին ներկայացրեցի փաստաթուղթ, որտեղ պարոն Մինասյանը (ՇՊՀ ռեկտորը-խմբ.) ապօրինաբար ինտեգրված ուսուցում է ներդնում Հայաստանում՝ այն դեպքում, երբ այդպիսի ուսուցման մասին Հայաստանում խոսք լինել չի կարող»,- ասաց Համբարյանը։
Համբարյանը հավելում է. «Նաև տրամադրեցինք փաստաթուղթ, որտեղ պարոն Մինասյանի թեթև ձեռամբ կրեդիտային համակարգով ուսանողների ծանրաբեռնվածությունը, որը պետք է շաբաթական 24-30 ժամ լինի, մեր բուհում կրճատվել է մինչև 12 ժամ։ Բացի այդ՝ ապօրինի որոշում է ընդունվել չվարձատրել այն դասախոսներին, որոնք պարապում են հեռակա ուսուցման կարգով սովորող ուսանողների հետ:
Այդ ամենն իմանալուց հետո պարոն նախարարը շատ տարօրինակ մեկնաբանություն է տվել՝ փորձել է պաշտպանել գործող ռեկտորին և այդ ամենը ներկայացնել որպես միջանձնային վատ հարաբերություն։ Պարոն նախարարը շատ զարմացել է, որ մեզ մոտ ուսումնական ծրագրերը առաջինից մինչև չորրորդ կուրս փոխվել են, շատ կուրսերում տեղի է ունեցել առարկաների ուսուցման կրկնություն։ Նա միտումնավոր նշել է պատմության բաժինը, բայց բուհի բոլոր բաժիններում այդ խախտումները կան։ Մենք նախարարին բացատրեցինք, որ դա տեղի է ունենում անխտիր բոլոր բաժիններում, չկա այդպիսի ամբիոն, որի դասապլանները լավ վիճակում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Ի դեպ, Շիրակի պետական համալսարանում կենսաբանությունը, քիմիան և աշխարհագրությունը միավորված են մեկ ամբիոնի մեջ, ինֆորմատիկան, ֆիզիկան և մաթեմատիկան ևս մեկ ամբիոնի մեջ են։
Դասախոսներին զարմացրել է Լևոն Մկրտչյանի արձագանքը՝ իբր թե բուհում խորքային խնդիրներ չկան. «Նույն պարոն Մկրտչյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք կարող են դիմել դատախազություն ինստիտուտի ղեկավարության դեմ ուսումնական պլանի վերաբերյալ. այս ամենն ասելուց հետո ժամեր անց նա դառնում է Սահակ Մինասյանի օմբուդսմենը ու փորձում թեթևացնել նրա մեղքը։
Հենց այս պահին ռեկտորը խորհրդակցություն է հրավիրել ուսումնական պլանը փոփոխելու վերաբերյալ. որևէ նորմալ բուհում սեպտեմբերի 28-ին ուսումնական պլան փոխո՞ւմ են, դուք այդպիսի խայտառակ բան տեսե՞լ եք»։
Մեր զրուցակիցը եզրափակում է՝ բուհում ամբողջ ուսումնական պրոցեսը խաթարած մարդը հիմա նոր ուսումնական պլան է փոխում. «Բարձրագույն կրթության հետ կապ չունեցող անձին ուսումնական հաստատության ռեկտոր նշանակելը հենց այս արդյունքն էլ պետք է ունենար, բայց մենք չենք նահանջելու և անպայման հասնելու ենք ցանկալի արդյունքի»։
Լուսանկարը՝ aravot.am-ի







































