Իրավաբան.net-ի փոխանցմամբ՝ այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստին ներկայացել էր նաև նախաքննության փուլում ներգրավված Արկադի Վարդանյանի պաշտպան Ռուբեն Կիրակոսյանը:
Այսուհետ ամբաստանյալի շահերը դատարանում կներկայացնեն երկու պաշտպաններ՝ Ռուբեն Կիրակոսյանը և Գայանե Գալոյանը: Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով հետազոտված ապացույցները: Ըստ հրապարակված ապացույցների՝ երեք ամբաստանյալների նկատմամբ էլ նախկինում եղել է հարուցված քրեական գործեր:
Ամբաստանյալ Արսեն Ավետյանի նկատմամբ նախկինում երկու անգամ իրականացվել է քրեական հետապնդում, սակայն երկու դեպքում էլ համաներմամբ գործը կարճվել է:
Արկադի Վարդանյանը ևս նախկինում եղել է դատապարտված, իսկ Վարուժան Սաֆտալյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ևս կարճվել է:
Ըստ հրապարակված ապացույցների՝ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի կողմից Ֆրանսիայի հրապարակից: Մինչդեռ Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն վերջինս բերման է ենթարկվել Արսեն Ավետյանի հոր՝ գործով տուժող Ռոբերտ Ավետյանի տանից, երբ վերջինիս տանն իրականացվում էր խուզարկություն: Հրապարակվել են նաև Արսեն Ավետյանի, Վարուժան Սաֆթալյանի և Արկադի Վարդանյանի հեռախոսահամարների կատարած գաղտնալսումները և Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի միջև «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած խոսակցությունը:
Մանրամասները՝ Իրավաբան.net-ում









































