Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Վարուժան Մարդանյանի գործի դատավարությունը:
49-ամյա Վարուժան Մարդանյանն աշխատել է Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանը, գտնվելով հղիության 26-27 շաբաթական ցիկլում, հանդիսանալով ռիսկի խմբի ծննդկան, Վարուժան Մարդանյանի կողմից 2012 թվականի հուլիսի 27-ին ընդունվել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն:
Ըստ դատական ակտի՝ Վարուժան Մարդանյանը կատարել է հղիի ոչ բավարար ծավալի հետազոտություններ, մասնավորապես՝ չեն կատարվել արյան բիոքիմիական քննություն, սոնոգրաֆիա:
Այդ հետազոտությունները չկատարելը հանգեցրել է սխալ ախտորոշման. ախտորոշվել է «հղիության 20 շաբաթական բարդացած մանկաբարձական անամնեզ, սպառնացող վիժում»՝ Հ. Մալխասյանի՝ 26-27 շաբաթական հղիության ցիկլում գտնվելու և վաղաժամ ծննդաբերություն սկսվելու պայմաններում:
Շարունակելով մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը՝ Մարդանյանը չի կատարել նաև արյան կոագուլոգրամմա՝ հղիի մոտ առկա ճարպակալումը հայտնաբերելու և, որպես ռիսկի խմբի ծննդկան, նրան պարտադիր երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկություն տեղափոխելու ուղղությամբ:
Դրա փոխարեն հղիի բուժօգնությունը շարունակել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում՝ չունենալով նման իրավասություններ:
Հ. Մալխասյանի մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն, ծնվել է մահացած իգական սեռի պտուղ:
Ծննդաբերությունից 15 րոպե անց Մալխասյանի մոտ սկսվել է առատ արյունահոսություն, որը պայմանավորված է եղել նաև բուժող բժշկի կողմից ընտրված ոչ ճիշտ մեթոդիկայով:
Ժամը 6-ին Մալխասյանի մոտ սկսվել է արյան սուր կորուստ՝ 1300 մլ ծավալի, սակայն շտապ վիրահատություն կատարելու փոխարեն Մարդանյանի կողմից վիրահատությունը կատարվել է ուշացումով՝ ժամը 7-ին, իսկ հետվիրահատական շրջանում որովայնի սոնոգրաֆիա չկատարելը հանգեցրել է Մալխասյանի որովայնի խոռոչում արյան առկայության չհայտնաբերմանը: Արյունահոսությունը շարունակվել է:
Օրգանիզմի սակավարյունություն է առաջացել, հեմոռագիկ շոկ:
Չնայած հիվանդի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխմանը և արդեն համարժեք, ճիշտ բուժական գործողությունների կատարմանը, Հրածին Մալխասյանը մահացել է:
Վարուժան Մարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա ընդունել է, որ Հրածին Մալխասյանին բուժօգնություն ցուցաբերելիս մասնագիտական անփութություն է ցուցաբերել, որի համար զղջում է:
Տուժողի իրավահաջորդը՝ Հրածինի ամուսինը, հայտնել է, թե 2012 թվականի հուլիսի վերջերին կինն ասել է, որ կասկածում է, թե հղի է: Դրանից առաջ հղիության կապակցությամբ նա որևէ բուժհաստատություն չէր դիմել, որպես հղի՝ հաշվառման մեջ չէր եղել:
Ամուսիններով պայմանավորվել էին ոչ ոքի չասել, գնալ հետազոտության և հղիությունը հաստատվելու դեպքում կատարել հղիության արհեստական ընդհատում:
Գնացել էին Սպիտակ ու Վանաձոր քաղաքների համապատասխան բուժհաստատություններ, որտեղ հաստատվել էր Հրածինի հղիությունը, սակայն բժիշկները հրաժարվել էին հղիության արհեստական ընդհատում կատարելուց:
Հաջորդ օրը ամուսինը պատահական հանդիպել էր մի ծանոթի, պատմել իրենց խնդրի մասին, նա էլ ասել էր, թե իր իմանալով՝ Երևանում՝ Էրեբունի թաղամասում, Վարուժ անունով գինեկոլոգ է աշխատում: Ասում են՝ լավ մասնագետ է, խորհուրդ է տվել դիմել նրան:
Ճակատագրական այս ուղղորդումը եթե չլիներ, Հրածինը հիմա երևի ողջ լիներ…
Ամուսիները հուլիսի 27-ին վեր էին կացել, հասել Երևան: Գնացել էին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, գտել բժիշկ Վարուժին: Բժիշկը… հանձն էր առել կատարել հղիության արհեստական ընդհատում, միայն ասել էր, թե կինը գիշերը պիտի մնա հիվանդանոցում: Ամուսինը նրա հետևից կարող է գալ առավոտյան:
Հրածինը մնացել էր, իսկ ամուսինը մեկնել էր գյուղ՝ համոզված լինելով, որ կնոջը թողել է լավ բժշկի վստահելի ձեռքերում:
Սակայն մի քանի բուժհաստատություններում հենց այնպես չէին հրաժարվել մեծ ժամկետի հղիության արհեստական ընդհատում կատարելուց: Ամուսինները Սպիտակում ու Վանաձորում ավելի սրտացավ բժիշկների էին հանդիպել, քան երևանյան «լավ մասնագետ» բժիշկ Վարուժն էր…
Հաջորդ առավոտ՝ ժամը 6-ին, ամուսինը զանգել է բժիշկ Վարուժին ու, ի զարմանս իրեն, իմացել է, որ կնոջ վիճակը լավ չէ, նրա մոտ արյունահոսություն է սկսվել, ու այն դադարեցնել չի լինում:
Ամուսինը շտապ մեկնել է Երևան: Կնոջ վիճակը ծանր էր: Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել են, բայց կյանքը փրկելն անհնարին է եղել, կինը մահացել է…
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Հրածին Մալխասյանի մոտ առկա է եղել… 28-30 շաբաթական հղիություն:
Մալխասյանի մահը վրա է հասել հետարյունահոսային սակավարյունությունից, որն էլ պայմանավորված է եղել հղիության ընդհատումից, արգանդը հավելումներով հեռացումից, հաստ աղու սուբտոտալ հեռացումից հետո զարգացած ներքին և արտաքին արյունահոսությունով:
Հրածինը, ըստ բժշկական տվյալների, նախկինում 21 հղիություն էր ունեցել, սա 22-րդ էր:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել բժիշկ Վարուժան Մարդանյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Վարուժան Մարդանյանը այս հոդվածով նախկինում մեկ անգամ էլ էր դատվել՝ 2008 թվականին: Այն ժամանակ նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման՝ առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու:
Կիրառվել էր պայմանական դատապարտություն, սահմանվել էր 2 տարի փորձաշրջան: 2009 թվականին Մարդանյանի նկատմամբ համաներում էր կիրառվել, վերացվել էր դատապարտյալի նկատմամբ սահմանված վերահսկողությունը: Այս դատվածությունը համարվում է մարված: Բայց փաստն մնում է, որ նույն հոդվածով բժիշկը մեկ անգամ արդեն մեղավոր էր ճանաչվել…
Հրածին Մալխասյանի մահվան գործի քննության ընթացքում կալանքի տակ չգտնվող բժիշկ Վարուժան Մարդանյանն աշխատել է «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ գինեկոլոգ:
Ինքը՝ Վարուժան Մարդանյանը խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխա ունի: Կրտսեր երեխան ծնվել է նրա նկատմամբ առաջին դատավճռի հրապարակումից երեք օր անց՝ 2008 թվականի մարտին…
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճռով Վարուժան Մարդանյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման:
Մարդանյանը կալանքի տակ առնվեց դատական նիստերի դահլիճում:
Դատարանը Վարուժան Մարդանյանին 3 տարի ժամկետով զրկեց բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:









































