Wikileaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգը, որը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման ԱՄՆ կառավարության հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծման համար, հայտարարել է, որ իր գործողությունների հիմքում պացիֆիզմ (խաղաղասիրություն) չի եղել: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:
Մենինգի խոսքով՝ իր կողմից Wikileaks-ին փոխանցված փաստաթղթերը կարող են հիմնավորել որոշ ռազմական գործողություններ: Նա նշել է, որ հանդես է գալիս թափանցիկության օգտին:
Մենինգին ձերբակալել էին 2010-ի մայիսին Իրաքում, որտեղ նա ծառայում էր: Օգոստոսին կայացրած վճռից հետո նրան տեղափոխել են Կանզասի «Ֆորտ-Լիվենուորթ» բազայի բանտ, սակայն նրա պահման հարցերը բարդացել են, երբ նա հայտարարել է, որ ցանկանում է ապրել որպես կին, և խնդրել իրեն Չեսի անվանել: Բազայում բանտում պահվում են բացառապես տղամարդիկ:










































