Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան-2011» ոչպաշտոնական կոնֆերանսը։
Հայաստանում այն կազմակերպվում է արդեն երրորդ տարին։ ԲարՔեմփը, որը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ է, առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում՝ 2005 թվականին և լայն տարածում է գտել ողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն, ըստ կազմակերպիչների, բաց քննարկումների, մտքերի ազատ փոխանակման լավագույն միջոցներից է։
«ԲարՔեմփ Երևան-2011»-ին այս տարի կմասնակցեն շուրջ 500 ՏՏ մասնագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օնլայն լրագրողներ, սոցիալական ցանցերի ակտիվ մասնակիցներ։
Մեզ հետ զրույցում ԲարՔեմփի մասնակիցներից Արփին նշեց, որ ցանկացած մասնակից կարող է հանդես գալ զեկուցումով, ելույթով, քննարկումներ կազմակերպել: Ի տարբերություն ավանդական կոնֆերանսների` այստեղ օրակարգը ձևավորվում է ընթացքում։
Այս տարի հատուկ հյուրերի թվում են և զեկուցումներ կկարդան ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինաևը, ռուսաստանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշևը (mi3ch), Օպերա Սոֆթվերը ներկայացնող Չարլզ ՄքՔեթինևիլը, BBC-ի սոցիալական մեդիա ուղեցույցի հեղինակներից Փունեհ Ղոդուսին։







































