Սահմանադրական բարեփոխումերի հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը դժվարացավ ասել, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սագսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի` հանձնաժողովին ներկայացված առաջարկությանը, որով նախատեսվում է նախագահի թեկնածուի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կրճատում: Մասնավորապես, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում մշտական բնակության և ընտրական իրավունք ունենալու ժամկետների շեմն իջեցնելուն: «Ես ձեզ չեմ կարող հիմա պատասխանել: Պետք է լավ ծանոթանամ առաջարկությանը, փաստաթղթերին, հիմնավորումներին, նոր միայն հայտնեմ իմ կարծիքը: Դա լուրջ հարց է և հենց այնպես, հանպատրաստից չեմ կարող կարծիք հայտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Ապա հավելեց, որ կոնկրետ այդ առաջարկությունը, ինչպես նաև մեկ այլ առաջարկություն, որը վերաբերում է դատապարտյալների քվեարկության իրավունքին, դեռ չի քննարկվել, և հանձնաժողովի անդամները դեռ վերաբերմուք չեն հայտնել նշված առաջարկության վերաբերյալ:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է այս ուրբաթ` հոկտեմբերի 11-ին, որտեղ էլ թերևս կքննարկվեն վերը նշված առաջարկությունները, և ոչ միայն դրանք:
Նշենք, որ, ըստ մամուլի, այս փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի «ժառանգորդի» հարցը լուծելու համար: Մասնավորապես, իշխանությունները ցանկանում են շեմն իջեցնելով՝ հնարավորություն ընձեռել երեք անգամ պարբերաբար Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին՝ մասնակցելու 2018թ. նախագահական ընտրություններին:
Քաղաքական շրջանակներում արդեն իսկ խոսվում է, որ առաջարկը կարելի է համարել ընդունված, քանի որ այն ներկայացրել է նախագահի ապարատը, և առաջարկության մերժման հավանականությունը գրեթե զրո է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































