Այն, որ այսօր մեր օդանավակայանում անձնագրերի ստուգման ժամանակ հերթեր չկան, բացառապես ԵՄ-ի հետ համագործակցության շնորհիվ է: Այս մասին այսօր հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան» թեմայով քննարկման ժամանակ:
«Ես նոր վերադարձա Քիշինևից, բայց անցնում էի «Դոմոդեդովո» օդանավակայանով: Ես այդ բառերը չեմ ուզում օգտագործել, բայց պարտավոր եմ ասել՝ կատաստրոֆա էր, նստելու տեղ անգամ չկար: Լավ է, որ մենք ունեինք 2 ժամ: Զուգարանների մասին էլ չեմ ասում: Ահավոր հերթեր՝ անձնագրերի ստուգման կետերում: Եվ մենք հիմա փորձում ենք գնալ այդ ուղղությամբ»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Նրա խոսքերով՝ այն, որ այսօր մենք բոլորս կարող ենք անձնագիր ստանալ մի քանի օրում, ոչ թե մի քանի ամսում՝ հերթեր կանգնելով, ևս բացառապես ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքն է: «Ես հատուկ սա նշում եմ, որ մարդիկ հասկանան՝ այդ փոքր, միջին բարելավումները ում հետ էին կապված: Մենք անցկացրել էինք մոնիթորինգ, դա շատ հստակ երևում է»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































