«Հայֆեստ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեմբերի 4-8-ը անցկացրեց իրանական ծրագիր: Երևանի երկու՝ Կամերային և Փոքր թատրոններում բեմադրվել է իրանական թատերախմբի հինգ ներկայացում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրանական ներկայացումների համակարգող Ալբերտ Բեգիջանյանը կարևորեց իրանական թատրոնի ներկայացումների ցուցադրությունը Հայաստանում:
Նա, խոսելով իրանական թատրոնի ներկայացումների մասին, ասաց, որ այս տարի իրանցի դերասանները խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում, հանդիսատեսը նրանց ջերմությամբ է ընդունել:
Ասուլիսի մյուս բանախոս՝ դրամատուրգ Դարիուշ Մուադաբիյանն ասաց, որ այս տարի հիմնականում երիտասարդներն են հանդես եկել իրենց ներկայացումներով, և երազում է, որ մյուս տարի «Հայֆեստին» իր և իմ սերնդի հայացքները ներկայացնի. «Այս փառատոնը տարբերվում է մյուսներից նրանով, որ այստեղ պարզություն կա. այն, ինչը չեմ տեսել այլ փառատոներում»:
Նա նշեց, որ երկար տարիներ ապրել է Եվրոպայում և Իրան վերադառնալով՝ իմացել, որ դժվար է լինելու: Ըստ նրա՝ եթե երկրում սահմանափակումներ չլինեին, արվեստն այդտեղ գործ չէր ունենա, արվեստը գալիս է սահմանափակումները կոտրելու:
Սահմանափակումների մասին դերասանուհի Նազգոլ Նադերյան էլ հավելեց, որ իրեն ավելի շատ նեղացնում է այն, որ ինքն աշխատանքով ապահովված չէ, և իր աշխատանքով ինքը չի կարող վաղվա օրն ապահովել. «Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է, և չենք մտածում, թե վաղն ինչ կլինի: Սահմանափակումների մեջ պայքարում ենք, մինչև կարողանանք ինչ-որ տեղ կոտրել այդ սառույցը»:
Նա ասաց նաև, որ ուղղակիորեն չեն կարող քաղաքական հարցերին անդրադառնալ, բայց Իրանի արվեստագետները կարողանում են ձևեր գտնել:
Ինչ վեաբերում է հայ-իրանական թատրոնների համագործակցությանը, ապա Դարիուշ Մոադաբիյան ասաց, որ հայ-իրանական կապերը ոչ միայն քաղաքական են, այլև մշակութային: Դրանք գալիս են դեռևս Սասանյաններից և Արշակունիներից, իսկ այժմ այդ կապերն ավելի են ամրացել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































