Բրիտանական բուքմեյքերական Ladbrokes ընկերությունը կարծում է, որ այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի ամենամեծ շանսերն ունի ճապոնացի Հարուկի Մուրակամին: Մրցանակակրի անունը կհայտարարվի վաղը՝ Ստոկհոլմում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բուքմեյքերների կանխատեսումներով՝ երկրորդ տեղում կանադացի Էլիս Մունրոն է, ով Բուկերովյան մրցանակի դափնեկիր է: Նա գրում է հիմնականում կանանց ճակատագրերի մասին:
Բուքմեյքերական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է բելառուսցի գրող, լրագրող Սվետլանա Ալեկսիևիչը՝ սուր քաղաքական թեմաներով «Չեռնոբիլյան աղոթք», «Ցինկե տղաները» գրքի հեղինակը: Չորրորդ տեղում ամերիկացի գրող, դրամատուրգ, պոետ, քննադատ Ջոյս Քերոլ Օութսն է: Հնգյակը եզրափակում է հունգարացի դրամատուրգ Պիտեր Նադաշը:
Անցած տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել չինացի գրող Մո Յանը:
Դափնեկիրների պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, անցկացվում է Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:





































