Աֆղանստանում առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են «իրական հնարավորություններ» ստեղծվել թալիբների առաջնորդների հետ խաղաղ բանակցությունների համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին:
Նրա խոսքերով՝ այդպիսի բանակցություններ կարող են սկսվել այն բանից հետո, երբ իսլամիստների առաջնորդները կհասկանան, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն հաղթելու Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին: Որպես նախապայման Գեյթսը նշել է, որ թալիբները պետք է խզեն հարաբերությունները «Ալ-Քաիդայի» հետ և վայր դնեն զենքերը: Միայն այդ դեպքում է հնարավոր, ըստ Գեյթսի, նրանց օրինական մասնակցությունը Աֆղանստանի քաղաքական կյանքին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Թալիբան» շարժման անդամների հետ: Գերմանական լրատվամիջոցները նույնիսկ հաղորդել էին, որ այդ բանակցություններն անցնում են Գերմանիայի տարածքում:












































