Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը կարծում է, որ Android ՕՀ-ն ավելի անվտանգ է, քան iPhone –ների համար Apple-ի մշակած հարթակը: Այս մասին ինչպես հաղորդում է ZDNet-ը, Շմիդտը հայտարարել է Gartner Symposium/ITxpo-ի շրջանակներում օգտատերերի հետ կազմակերպված հանդիպմանը:
Մասնավորապես, Gartner-ի վերլուծաբան Դևիդ Ուիլիսն ասել է Շմիդտին. «Եթե հարցում անցկացնենք այստեղ հավաքվածների շրջանում, նրանք կհայտարարեն, որ Google Android-ն իրենց հիմնական հարթակը չէ: Երբ դուք ասում եք Android, մարդիկ հակադարձում են. «Մեկ րոպե, Android-ն ապահով չէ»»:
«Ապահով չէ՞: Այն ավելի ապահով է, քան iPhone-ինը»,- ասել է Շմիդտը ընդհանուր ծիծաղի ներքո:
Նշվում է, որ Google-ի ղեկավարն այդպես էլ ուղղակիորեն չի պատասխանել, սակայն ավելացրել է, որ Android-ից օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ, և այն լուրջ փորձարկում է անցնում:









































