Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Մայր Աթոռից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գեւորգյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգեւոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Իսպանիայի հայոց համայնքում՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն ազատվել է Մյանմարի, Սինգապուրի եւ Դաքքայի հոգեւոր հովվի պարտականություններից եւ իր հոգեւոր ծառայությունը կշարունակի որպես Մայր Աթոռի լուսարարապետի օգնական:
Դիվանատան hասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով իր պարտականություններից, մեկնել է Գերմանիա ուսումնառությունը շարունակելու նպատակով:









































