Բրիտանական Թամվորթ քաղաքի դպրոցի ղեկավարությանը վրդովեցրել է 11-ամյա Ուիլյամ Գասեմիի ընտրած հագուստը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված թեմատիկ միջոցառմանը ներկայացել է Ադոլֆ Հիտլերի կերպարով: Ուսումնական հաստատության տնօրենն ու ուսուցիչները ստիպել են աշակերտին լվանալ բեղերը և հանել ֆաշիստական թևկապը:
Երեխայի մայրը Daily News-ին պատմել է, որ շատ է վրդովված ուսուցիչների այդպիսի վերաբերմունքից: «Ինձ զանգահարեցին և ասացին, որ իմ որդու հագուստը չափազանց անտեղի է եղել: Սկզբում ես լռեցի, իսկ հետո զայրացա, որ իմ երեխային նման կերպ են վերաբերվել: Ես համարում եմ, որ դպրոցի ղեկավարությունն անցել է ողջախոհության բոլոր սահմանները»,- նշել է նա:
Ըստ մոր՝ գերմանացի դիկտատորին մարմնավորելու միտքը պատկանել է Ուիլյամին: Վերջինս ասել է, որ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր անձանցից է, և նա անպայման միջոցառմանը պետք է ներկայացվեր:
«Մենք կարծում ենք, որ Ադոլֆ Հիտլերի զգեստով աշակերտը սխալ պատկերացում կտար մյուս աշակերտներին այն ժամանակվա իրադարձությունների վերաբերյալ: Հուսով ենք, որ մյուս ծնողները կաջակցեն մեզ»,- ասել է դպրոցի տնօրենը:
11-ամյա դպրոցականի մայրը համարում է, որ աղմուկից հնարավոր կլիներ խուսափել, եթե ուսուցիչները կոնկրետ նշեին, թե միջոցառման համար ինչ հանդերձանք է անհրաժեշտ:








































