Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուները տարբեր մոտեցումներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Հակամարտությունների և միգրացիայի բաժնի ղեկավար, քաղաքագետ, ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովը նշեց, որ իշխանության և ընդդիմության թեկնածուների մոտեցումների միջև կա էական տարբերություն, սակայն քաղաքագետն ընդգծեց, որ նախ և առաջ պետք է հստակ հասկանալ, թե որ թեկնածուն է Ադրբեջանում գործում հստակ ընդդիմադիր դիրքերից, իսկ որը՝ պարզապես ձևանում այդպիսին. «Պաշտոնական բանավեճերին մասնակցել է 10 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահը: Նրանց մեծ մասը իրեն այժմ ընդդիմություն է համարում, սակայն իրականում այնտեղ կա ընդամենը մեկ ընդդիմադիր ուժ՝ Ջամիլ Գասանլին: Նրան անվանում են ռադիկալ ընդդիմության առաջնորդ, իսկ մնացածն իրենց համարում են կառուցողական ընդդիմություն:
Այդ կառուցողական ընդդիմության հիմնական առաջադրանքն էլ Գասանլիի հետ հակասությունն է»,- ասաց նա:
Յունուսովը ընդգծեց, որ բանավեճերի ընթացքում գործող նախագահի ներկայացուցիչների և կառուցողական ընդդիմության կարծիքները ղարաբաղյան հակամարտության շուրջ կարծես համընկնում էին. «Տարբերությունը միայն այն էր, որ գործող նախագահի ներկայացուցիչները (ինքն անձամբ բանավեճերին չէր մասնակցում, նրա փոխարեն մասնակցում էին իշխող կուսակցության գործիչները) ասում էին, որ անհրաժեշտ է մասնակցել բանակցային գործընթացին և միևնույն ժամանակ բազմանշանակալից ընդգծում, որ Ադրբեջանի ժողովրդի համբերությունը անսահման չէ, և հակամարտության լուծման համար ամենայն հավանականությամբ կկիրառվի պատերազմական ուղին: Նրանք նաև նշում էին, որ նախագահը հոգ է տանում բանակի կարիքների համար:
Կառուցողական ընդդիմության ներկայացուցիչները գովերգելով նախագահին՝ բանակի կարիքները հոգալու և դրանց ուշադրություն դարձնելու համար, միևնույն ժամանակ ունեին շատ ծայրահեղ մոտեցում ղարաբաղյան հակամարտության հարցում՝ հաճախ նշելով, որ անհրաժեշտ է վերադարձնել կորցրած հողերը պատերազմի միջոցով»:
Հետաքրքրական էր նաև մեկ այլ թեկնածուի՝ Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Արազ Ալիզադեի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մեր զրուցակիցը պատմեց, որ վերջինս հանդիսավոր կերպով հայտարարել է, որ իր նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը երկու տարվա ընթացքում. «Նաև հավելել է, որ նախ և առաջ Ադրբեջանի բանակը կդարձնի պրոֆեսիոնալ, այնուհետև ուժային մեթոդներով կվերադարձնի Ղարաբաղը»:
«Բայց ամենահեռուն գնաց իշխանական ուժերից մեկի ներկայացուցիչը՝ «Ժամանակակից Մուսավտ»-ի (չշփոթել «Մուսավատ» կուսակցության հետ, որը պաշտպանում է ընդդիմության թեկնածու Գասանլիին) առաջնորդ Խավզի Գադժիևը խոստացավ, որ իր ընտրվելու դեպքում 6 ամսվա ընթացքում կլուծի ղարաբաղյան հակամարտության հարցը: Նա բացի այդ՝ առաջարկել է Ադրբեջանի մայրաքաղաքը դարձնել Ստեփանակերտը՝ Բաքվի փոխարեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըննդիմության միակ թեկնածուն՝ Ջամիլ Գասանլին, որին մեր զրուցակցի հավաստմամբ՝ համարում են ռադիկալ, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է հակադիր դիրքերից. «Նա կոշտ քննադատությունների է ենթարկել Իլհամ Ալիևին այն պատճառով, որ նա 10 տարի շարունակ ոչ թե բանակցություններ էր վարում, այլ բանակցությունների իմիտացիա անում և ամբողջովին թաղված է կոռուպցիայի մեջ: Միևնույն ժամանակ Գասանլին ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել միայն այն դեպքում, երբ երկրում հաստատվի ժողովրդավարություն… այդ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Նա բանավեճերի ընթացքում հստակ ընդգծել է, որ հակամարտությունը պետք է լուծվի, անկասկած, խաղաղ ճանապարհով, և պատերազմը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Նա հայտարարել է, որ պատերազմը բարդ գործընթաց է և բոլոր դեպքերում ուղեկցվում է մահվան դեպքերով, իսկ մահանում է հիմնականում երիտասարդությունը: Նրա համար անթույլատրելի է պատերազմական եղանակով հակամարտությունը լուծելու քարոզը»:
Ամփոփելով իր միտքը՝ Արիֆ Յունուսովն ասաց, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում հիմնական դեր են խաղում ոչ թե ղարաբաղյան հակամարտության հարցը և դրա վերաբերյալ տեսակետները, այլ առաջին հերթին ՝ վարչական ռեսուրսի կիրառումը, նաև՝ արտաքին խաղացողների դիրքորոշումը՝ ԱՄՆ, ԵՄ, ինչպես նաև Ռուսաստան. «Այդ իսկ պատճառով՝ անկախ նրանից, թե ինչ կասեն նախագահի թեկնածուները, այդ թվում՝ընդդիմադիր Ջամիլ Գասանլին, ընտրություններում ղարաբաղյան հակամարտության նկատմամբ դիրքորոշումը հիմնական դերակատարում չի ունենա»:









































