ՀԱԿ ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը՝ չնայած շատերի ակնկալիքին, այսօր ազատ չարձակվեց:
Բանն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում էր հայտարարել, որը տարածվում է նաև Տիգրան Առաքելյանի վրա, և շատերը սպասում էին, որ հենց դատական նիստի դահլիճից ակտիվիստը ազատ կարձակվի:
Դատարանն այսօր բավարարեց մեկ միջնորդություն և մերժեց երկուսը:
Բավարարվեց «տուժող» ոստիկան Շահեն Հարությունյանին կրկին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը, սակայն մերժվեց «տուժող» մեկ այլ ոստիկան՝ Տիգրան Ավետիսյանին, ինչպես նաև Հրանտ Միրիջանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը:
Առաջինի դեպքում Տիգրան Առաքելյանը նշում է, որ բացակայում է ռենտգենի թուղթն այն մասին, թե Ավետիսյանի քիթն իսկապես կոտրված է եղել, իսկ Հրանտ Միրիջանյանը թե առաջին ատյանի դատարանում, թե «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իրեն ստիպողաբար են դատարան տանում, որպեսզի ակտիվիստների դեմ ցուցմունք տա:
Դատական նիստի ընթացքում խոսք անգամ չեղավ համաներման մասին:
Նշենք, որ միջնորդությունները մերժելուց հետո դատարանը չցանկացավ նույնիսկ լսել տղաների շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանին, ով, ըստ երևույթին, պատրաստվում էր հանդես գալ իր պաշտպանյալին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությամբ:
Դատավոր Եվա Դարբինյանն այսօրվա դատական նիստը՝ չնայած ներկաների դժգոհությանը, համարեց ավարտված: Դահլիճում գտնվողները դատավորներին և մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանին ճանապարհեցին «Ամոթ, թուրք եք, մուսուլման եք, Լիցկայի մարդասպան լակոտին դատեք, Զիմզիմովի դատավարությունն եք սարքել» վանկարկումներով:











































