Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարությունում շնորհավորել է տասնյակից ավելի ուսուցիչների, պարգևներ և շնորհակալագրեր հանձնել նրանց:
Հանդիպելով մի խումբ մանկավարժների հետ՝ նա նշեց, որ ՊՆ-ն ինքնին մի մեծ ուսումնական համակարգ է, որի գործունեության հիմքում ընկած է ուսումնադաստիարակչական գործունեությունը: Նա նշեց, որ ուսուցիչների հանդեպ հատուկ հարգանք ունի, իր ծնողներն էլ են եղել ուսուցիչներ, և այն կարծիքին է, որ ուսուցիչների և դպրոցի միջոցով կարելի է դաստիարակել ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին:
Նրա խոսքով՝ հայրենասիրություն դաստիարակելը շարունակական գործընթաց է: Նախարարը հավաստիացրեց, որ այս տարվանից ռազմագիտություն առարկան ավելի բարձր մակարդակով կդասավանդվի, կանցկացվեն «Լավագույն զինղեկ» մրցույթը և այլ միջոցառումներ:
«Կրթական համակարգի և բանակի հետ միասին մենք կարող ենք լոկոմոտիվի դեր կատարել մեր իրականության մեջ և դրականի ու բացասականի հարաբերակցությունը փոխել դեպի դրականը»,- ասաց նախարարը` հավելելով, որ մեր երկիրը գնում է դեպի զարգացում, դեպի առաջընթաց, և մեր երիտասարդները պետք է փողոց դուրս գալով՝ համապատասխան օրինակ վերցնեն, ոգևորվեն և իրականացնեն իրենց առջև դրված պատասխանատվությունները:
«2014 թվականին անխնա պայքար ենք մղելու փողոցային բարքերի դեմ, մեզ պետք է ճշմարիտ արժեհամակարգ ունեցող զինվոր»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր բանակը այսօր ապահովում է մեր երկրի անվտանգությունը:
«Քաղաքացիական ազատ հասարակության մեջ դժվար է պայքարը բացասական երևույթների դեմ»,- հավելել է նախարարը:
«Մեր տարած հաղթանակը ոչ այնքան քանակական, որքան մարդկային ոգու բարձր պատրաստվածության արդյունք էր»,-ասաց նախարարը՝ հավելելով՝ այս ամենը կորցնել, նշանակում է չարժևորել այն հաղթանակը, որ ունեցել ենք պայքարի ժամանակ:








































