Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները հնարավորություն է ունեցել երկու տեսանկյունից դիտարկել՝ որպես պոտենցիալ թեկնածու՝ առաջին փուլում, որպես փորձագետ՝ երկրորդ փուլում:
Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ նախընտրական քարոզարշավը կարելի է բաժանել երկու մասի, առաջին՝ երբ դեռ հնարավոր էր պատմության մեջ այս ընտրություններն արձանագրել իբրև այլընտրանքային, երկրորդ ՝ երբ Իլհամ Ալիևը՝ գործող ռեժիմը, փաստորեն մնաց միայնակ՝ ազատվելով բոլոր հավանական և անհավանական թեկնածուներից:
Սա, ըստ Այվազյանի, վկայում է Ալիևի թուլության մասին, որ նա անգամ այսպիսի մրցակցություն չկարողացավ հանդուրժել: «Այս ամենը մի կերպ կարելի է բնորոշել՝ այս քարոզարշավն ու ընտրություններն ամենախայտառակն են և ամոթալին, գործող ռեժիմը լիարժեքորեն իրեն վարկաբեկեց, ընտրարշավն անցավ համատարած վախի, ահաբեկչության մթնոլորտում: Ներկայումս տիրող թվացյալ հանգիստ վիճակը հանդարտություն է փոթորիկից առաջ. երկրում տիրում է թաքնված և անթաքույց ատելության մթնոլորտը»,- ասաց նա՝ նկատելով, որ հայ հասարակության համար ամենակարևոր մի հարց կա. եթե ալիևյան բռնապետական ժառանգական ռեժիմը վերարտադրվեց վախի և ահաբեկչության մթնոլորտում, ապա իշխանությունը պահելու համար նրանք նույն քայլերին կդիմեն:
Մեզ համար, ըստ բանախոսի, ամենաէականն այն է, որ ընտրություններից հետո տարածաշրջանում լարվածությունը կաճի, ռազմական գործողությունների հաճախականությունը կավելանա, կսաստկանա, հնարավոր է անգամ, որ ադրբեջանական սադրանքները դուրս գան վերահսկողությունից և ռազմական գործողությունների վերաճեն, ինչը ձեռնտու չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ իրենց համար: «Պատահական չէ, որ այդ բարձր ամբիոնից նախագահը հնչեցրեց, որ իրական սպառնալիք է գալիս ադրբեջանական կողմից. պետք է սովորենք կարդալ տողատակում: Պատերազմ չենք ցանկանում, բայց չենք էլ վախենում: Ես հպարտ եմ, որ Ադրբեջանի քաղաքացի եմ, և հպարտ եմ, որ հայ եմ: Շատ դեպքերում ստիպված եմ լինում ամաչել, որ ես Ադրբեջանի զավակն եմ, իսկ հայկական ծագման պարագայում այդպես չի լինում՝ բացի մի դեպքից: Զարուհի Փոստանջյանի՝ բարձր ամբիոնից հնչեցրած հարցը եղավ ինձ համար այն հազվագյուտ դեպքերից մեկը, երբ ես ամոթանք ապրեցի, որ հայ ժողովրդի զավակն եմ»,- ասաց նա:
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանում նրան այլ կերպ կընդունեին: Բանախոսը նշեց, որ ուրախությամբ է նկատում՝ որքան էլ փորձեն որոշ վայ-վերլուծաբաններ մեր զգոնությունը քնեցնել, ինքը հանգիստ է մեր երկրի ապագայի համար, քանի որ ղեկավարությունը նույնքան լուրջ է վերաբերվում այդ մտահոգությանը, որքան ադրբեջանցիներին լավ ճանաչող ադրբեջանահայ համայնքը: Ըստ Այվազյանի՝ Ադրբեջանում արտագաղթը շատ ավելի մեծ տոկոս է կազմում: Ամեն անգամ, երբ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ պատերազմ է սկսելու, բազմաթիվ ավտոբուսներ են հեռանում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































