Ասեմ ի սկզբանե` դժվար են գրվել այս տողերը: Շատ դժվար: Այս տողերը չէ, որ պիտի գրվեին անկախության 22-րդ տարում, այս խնդիրները չէ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լուծեր հիմա, ավելին` այսպիսին չպիտի լիներ Հայաստանի Հանրապետությունը հիմա` 21-րդ դարի 13-րդ տարում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին բոլորովին ուրիշ կյանքով պիտի ապրեր հիմա և ինքը իբրև անհատականություն այսպիսին չպիտի լիներ: 88-ի մեր մեկնակետը բոլորովին այլ շարունակություն էր ենթադրում: Բայց մենք գնացինք, կամ մեզ տարան հենց այս ճանապարհով ու այսօր ունենք` ինչ ունենք ու ենք` ինչ կանք: Պատճառների մեջ խրվելը ճիշտ է ու անհրաժեշտ` հետագա ընթացքը անխափան դարձնելու համար, բայց պատճառների մեջ խրվելը բերում է նաև խրվել-մնալու վտանգ, իսկ մենք այդ իրավունքը մեր պապերից կամ հայրերից չենք ժառանգել, ոչ էլ իրավունք ունենք մեր զավակներին թողնելու չլուծված խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունը հասել է իր գոյության այն ժամանակին, երբ այլևս հետաձգելու հնարավորությունը սպառված է, հեռանկարը հիմա այն է, ինչ կանենք: Չե՞նք անի` դա ևս հեռանկար է` կորած շանսերի ու սպառված ուժերի: Հենց այդ պատճառով` նպատակահարմար եմ գտնում չանդրադառնալ ամբողջ շարք խնդիրների, որոնց մասին արդեն քանի տարի անդադրում խոսում ենք ու հասել ենք խոսքը իմաստազրկելու եզրագծին, որովհետև խոսքը մնում է խոսք, իսկ գործը խոսքի հետ չի առնչվում: Հենց այդ պատճառով միանգամից ուզում եմ անցնել եզրակացություններին` վստահ, որ ինձ կհասկանան բոլոր նրանք, ովքեր ուզում են հասկանալ, ովքեր մտահոգ են պետության, երկրի, քաղաքացու ճակատագրով:
Ի սկզբանե նաև ասեմ, որ այս դեպքում չեն գործում ո՛չ կուսակցական, ո՛չ կրթական, ո՛չ կարգավիճակային կամ տարիքային տարբերություններ: Մենք հայ ենք ու մեկ հայրենիք ունենք` սա էր մեր ելակետը 88-ին, և սա պիտի լինի մեր ելակետը միշտ:
Համարյա մեկ ամիս է, ինչ քաղաքական ասպարեզի քննարկման թեման Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունն է, որ փակում է դեպի Եվրոպա դուռը: Մենք անհիմն մեծ տեղ ենք տալիս կարծրատիպերին ու ստատիկ ընկալումներին` հաշվի չառնելով, թե ինչ արագությամբ է աշխարհը փոխվում, ինչ փոխհարաբերություններ են ձևավորվում աշխարհում, և մասնավորապես` ինչը մեզ համար շատ կարևոր է` մեր տարածաշրջանում ու մեր շրջապատում: Իսկ դրա անտեսումը մեկուսացում ու կարծրացում է բերում, Հայաստանը դուրս է դնում տարածաշրջանային ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական զարգացումներից` պետությունը կցելով ռուսական քաղաքականության ուղեծրին: Ռուսաստանի` իբրև պետության և Հայաստանի` իբրև պետության շահերը չեն համընկնում, որքան էլ փորձ է արվում հակառակը ներկայացնել: Հետևանքը ստացվում է, որ մեր պրոբլեմները Ռուսաստանի պրոբլեմները չեն դառնում, բայց Ռուսաստանի պրոբլեմները մերն են դառնում: Մաքսային միություն, թե Եվրամիության հետ ասոցացում` քննարկումների ընթացքում մենք, ցավոք, մնացինք խնդրի մակերեսին և գերազանցապես հանգեցինք տնտեսական օգտակարության համեմատությանը, ընդ որում` չունենալով ստույգ ցուցանիշներ, որովհետև եթե Եվրամիության կայացածությունը բացարձակապես կասկածելի չէ, Մաքսային միության կայացածությունը, առավելևս Եվրասիական միության կայացումը բացարձակապես կասկածելի է: Քննարկումը պետք է լիներ արժեհամակարգերի նախընտրելիության մակարդակում նախ, հետո նոր` արդյունքների համեմատության: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, տնտեսության իրական զարգացման ու քաղաքական անկախության հաստատման ճանապարհը ռուսական շահերի սպասարկման խաչմերուկից պետք է դուրս գա` պահպանելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները:
Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է լինի կանխատեսելի, բայց ոչ կառավարելի երկիր: Սա` մեկ: Երկրորդ` Եվրամիության հետ ասոցացումը սկզբունքորեն նոր իրավիճակ ու հետագայում, միանշանակ, այլ կարգավիճակ է նշանակում: Ստորագրելով համաձայնագիրը` մենք միայն պիտի սկսեինք եվրոպական չափանիշներին համապատասխան տնտեսություն կառուցելու, եվրոպական կենսամակարդակին հասնելու ճանապարհը: Երկար ու դժվար, բայց երաշխավորված արդյունք ունեցող, որի դեպքում ոչ թե հարկադրված էինք լինելու սեզոնային աշխատանքի մեկնել և ընդմիշտ երախտապարտ լինել ռուսներին ու Ռուսաստանին` աշխատանքի հնարավորության համար, այլ աշխատանք ունենալ Հայաստանում: Ոչ թե արտագաղթել, այլ` ներգաղթել, գործընթաց, որ սկսվել է Արևելյան Եվրոպայի` Եվրամիությանն անդամակցած երկրներում` բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններով հանդերձ: Նախապատվությունը Մաքսային միությանը տալն ի վերջո նշանակում է մեծապատիվ մուրացկանի դերն ավելի բարձր դասել տանտեր լինելուց:
Եվ երրորդ` ես չգիտեմ ժողովուրդ, որը անցյալի ու ապագայի ընտրության միջև նախընտրի անցյալը: Իդեպ` ռուս ժողովուրդն էլ չի ընտրել, նրա փոխարեն ընտրել է Ռուսաստանի իշխանությունը, որն իր կամքը պարտադրել է ոչ միայն իր ժողովրդին, այլև բոլոր նրանց, ում պարտադրելու հնարավորություն ունի` հաշվի չառնելով ո՛չ ընդհանուր շահ, ո՛չ ընդհանուր սահման, ո՛չ ընդհանուր նպատակ: Իդեպ` ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր ձևաչափերում դրսևորած պահվածքից ցուցադրաբար ու խիզախորեն բողոքելու փոխարեն` բարոյական և ճիշտ կլիներ նույնքան հրապարակային ու խիզախորեն պարզել ՀԱՊԿ հիմնադիր երկրի իշխանությունից` ճի՞շտ էր Ադրբեջանի նախագահը, երբ հայտարարում էր, որ ՌԴ-Ադրբեջան ռազմարդյունաբերական ապրանքների շրջանառությունն անցել է 4 միլիարդի սահմանը: Եթե ոչ, ապա ինչու՞ հենց Բաքվում չհերքվեց: Եթե այո, ապա այդ ենթատեքստում Մաքսային միություն ու Եվրասիական միություն մտնելու միջոցով մեր անվտանգությունը ապահովելու վրա հույս դնելով` ՀՀ իշխանությունները ապացուցում են, որ Դեր Զորի մասին արտասահմաններում ազգացունց ելույթներ ունենալուց այն կողմ հետևություններ անելու ունակ չեն և չեն էլ արել:
Եվ վերջապես, դժբախտաբար, մեզնից շատ-շատերը, որպես անցյալի ընտրության արդարացում, շարունակում են Լեռնային Ղարաբաղի հարցը ընկալել ու ներկայացնել իբրև Հայաստանի Հանրապետության աքիլլեսյան գարշապար, որ սկզբունքային սխալ է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը այդ ընկալման հերքումն է: Ղարաբաղը եղել և մնում է մեր ընդհանրական հաղթանակի մնայուն ապացույցը և Ղարաբաղի ճակատագիրը որքան Հայաստանի Հանրապետության, նույնքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության օրակարգում է: Ճշմարտություն, որ գիտենք բոլորս, բայց հաճախ ենք մոռանում կոնկրետ գործողությունների մեջ: Իրական հաղթանակներ ունեցողին մտացածին պատերազմներով պետք չէ վախեցնել` ջուրն ընկածը անձրևից չի թրջվում: Մենք մեր և Ղարաբաղի անվտանգությունը ապահովել ենք, երբ ամբողջ աշխարհը կամ մեր դեմ էր, կամ չէր հավատում մեր հաղթանակին, և էլի կապահովենք: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր պետությունը և պետականությունը կայացնելու ճանապարհով մեզ արժանի տեղ ունենալ բարեկեցիկ կյանքով ապրող երկրների շարքում: Ուղղակի վաղուց ժամանակն է ազգային ինքնաթշնամացումից ազգային համերաշխությանը գերակայություն տալու:
Հարուստ մարդը ցանկացած երկրի հարստությունն է, ուղղակի կան երկրներ, որտեղ համակարգը նրան օրենքից դուրս է դնում` պարտադրելով գործել ստվերային դաշտում, որպեսզի մայթեզրին արևածաղիկ վաճառողից մինչև երկրի թիվ 1 օլիգարխի ունեցվածքից իր մասնաբաժինն ունենա ու ոչինչ չանելով` ամեն ինչ ստանա: Շուկայական տնտեսությունը հարուստների հարստացումը ու աղքատների աղքատացումը չէ: Համակարգի դերը պարզ դարձնելու համար համեմատեք Գեյթսի, Բերեզովսկու ու Խոդորկովսկու ճակատագրերը: Օրենքի գերակայությամբ գործող տնտեսության պարագայում այսօրվա օլիգարխին ունենալու ենք իբրև տնտեսությունզարգացնող, ոչ թե մասնատող տնտեսվարող, որ կախման մեջ չէ իշխանությունից, հետևաբար իր եկամուտը ոչ թե հարկադրված է կիսել նրա հետ` աշխատանքի առավել բարենպաստ պայմանների ու անձնական անձեռնմխելիության դիմաց, կամ հասկանալի պատճառներով երկրից դուրս բերել, այլ` ուղղել իր կապիտալի ու իր ունեցվածքի մեծացմանը` իր բիզնեսը մրցակցության հավասար պայմաններում ընդլայնելով` արտադրություն ստեղծելով, նոր տեխնոլոգիաներ ներդնելով, աշխատատեղեր ստեղծելով ու այդ ճանապարհով սեփական շահույթը ավելացնելով, ինչը նրան դուրս է բերում այսօրվա քրեական դաշտից ու հարկադրական կոռումպացվածությունից: Սա ցավոտ, բայց միակ ճանապարհն է, որ մենք չենք հնարել: Ինչո՞ւ Ուկրաինայի օլիգարխիան միանշանակ մերժեց Մաքսային միությունը, նախընտրեց ու քաղաքական իշխանությանն էլ ուղղորդեց դեպի Եվրամիություն: Ինչո՞ւ անգամ Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը մերժեց Մաքսային միությունը, որովհետև իրենք հասկացան, որ խնդիրը սեփականության ձևի մեջ չէ, որովհետև իրենք ընտրության և պարտադրանքի միջև նախընտրեցին ընտրությունը: Որովհետև եվրասիական տարածքն ապրում ու առաջնորդվում է «շուկայական» անվանվող, իրականում քրեաօլիգարխիկ համակարգի ու պետության սերտաճման կանոններով, իսկ Եվրամիության և Արևմուտքի տարածքը կարողացել է այդ փուլն անցնել և ապրում է այլ մոդելով, որն ապահովում է բարձր կենսամակարդակ ու առաջընթացի անընդհատություն:
Հայաստանի Հանրապետության, առավել ևս Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող պետական կառավարման գործող կառույցում համակարգային փոփոխություններ չեն լինում և չեն կարող լինել, առավելագույն փոփոխությունները, ինչպես միշտ, հնարավորություն ունեցել եք համոզվելու, պաշտոնյաների փոխատեղություններն են: Դժբախտաբար, մեզանում ձևավորվել է քաղաքական ուժերի իշխանական, և ոչ միայն իշխանական մի թև, որը ամեն ինչ անում է` համոզված, որ Հայաստանում տեղի ունեցող հետագա` արտահերթ, թե հերթական, քաղաքական գործընթացներում Ռուսաստանը հենց իրեն է նախընտրելու և նշանակելու: Այդ ուժերը, չնայած ներքին մրցակցությանը, ընդհանրություն ունեն, անուղղակի համագործակցում են ու վերածվել են համակարգի: Իսկ ոչ մի համակարգ ինքն իրեն չի ոչնչացնի, որքան էլ արատավոր կամ սպառված լինի: Այդ խնդիրը պետք է լուծի մրցակցող համակարգը: Որքան ուժեղ լինի, այնքան արագ հաջողության կհասնի: Բոլորը, ովքեր սա գիտակցում են և պատրաստ են իրականացնել, պետք է միավորվեն` անկախ կուսակցական պատկանելությունից, որովհետև սա ոչ թե իշխանության հասնելու, այլ պետականության պահպանման խնդիր է: Սա այն եզրագիծն է, որտեղ որոշակի է դառնում ոչ միայն իշխանություն-ընդդիմություն տարբերությունը, այլև ներկայի ընկալման ու ապագայի ընտրության: Եվ սա միակ առճակատումն է, որ մեզ անհրաժեշտ է` վերջապես կողմնորոշվելու ու սահմանազատվելու համար: Սա միակ առճակատումն է, որ արդյունքի տեսակետից իրեն միանգամայն արդարացնում է: Այս պարագայում ընդդիմությունը անվանական ու ձևական չէ, այլ` բովանդակային և հետևողական, որ հայտարարությունների ու հռչակագրերի հիմքում գործեր ու գործողություններ ունի:
ՀՆԱ-ի բովանդակությունը մեր դեպքում պետք է նշանակի համահայկական ներուժի արդյունք` սա է հաղթանակի գրավականը: Յուրաքանչյուրը, ով ապրում է այս հողում, իրեն անհրաժեշտ, կարևորված, անփոխարինելի պիտի զգա իր երկրի կյանքում: Երկրի իսկական տերը երկիրը պահելու համար ո՛չ ունեցվածքը, ո՛չ մարդկանց իբրև աշխատուժ վաճառքի չի հանում, երկրի տերը հավաքում ու բազմապատկում է և իր զավակներին ժառանգում է ստացածից ավելին: Այսպես է փոխվում բարոյահոգեբանական մթնոլորտը, այսպես է վերականգնվում հավատը: Արժանապատիվ քաղաքացուց պատվարժան պետության անցումը նուրբ, բարդ, բայց և համոզված եմ` հնարավոր գործընթաց է, նաև` փոխպայմանավորված:
Այս ընթացքում նաև տեսակետներ են արտահայտվել, որ քաղաքական ուժերը մինչև 2017-2018 թթ. կարող են վաստակած հանգստի կամ հարկադիր արձակուրդի գնալ, որովհետև ասպարեզում թելադրողը օբյեկտիվորեն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը այլևս կամ դեռ անելիք չունի: Խորագույն մոլորություն է: Իրավիճակի և ելքերի աղավաղում: Գաղափարները օդից չեն ընկնում, օդից ընկած գաղափարները օդում էլ մնում են, քաղաքական ուժերի զենքը նրանց գաղափարներն են և այդ գաղափարների կենսականության ապահովումը: Իսկ դա աշխատանք է, որ արվում է ամեն օր` առանց դադարի: Դա բոլորիս աշխատանքն է, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, որ ուզում է իր տանն ապրել, աշխատել ու զավակներ ունենալ:
Մենք պետք է վերականգնենք պետության պատվախնդրությունը, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը արժանապատիվ կյանքի իրավունք ու հնարավորություն ստանա, այլ ճանապարհ գործնականում չկա: Առաջիկա քաղաքական գործընթացներում գործող համակարգը ինքն իրեն կվերարտադրի՞, թե՞ համակարգ կփոխվի՝ որոշվում է այսօր ու ամեն օր: Որոշում ենք բոլորս ու մեզնից յուրաքանչյուրը:
Այս տողերը դժվար են գրվել, կցանկանայի` հեշտ կարդացվեն: Բայց դե բոլորս էլ հեշտ բառերին արդեն ընտելացել ենք` հեշտ ու ոչինչ չփոխող, մինչդեռ վաղուց արդեն արժանի ենք ավելիին:
Արամ Զավենի Սարգսյանի հոդվածը՝ հատուկ «Առաջին լրատվական»-ի համար










































